Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է նվաճել ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ըմբիշ Սարգիս Բեգոյանը (61 կգ) բրոնզե մեդալակիր է դարձել ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի 2026 թվականի աշխարհի մինչև 23 տարեկանների (Մ23) առաջնությունում։
Երրորդ տեղի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը մրցել է ուզբեկ Բեհրուզբեկ Տուրանմուրատովի հետ։ Գոտեմարտն անցել է դիտարժան և միավորներով հարուստ պայքարում՝ ավարտվելով Բեգոյանի հաղթանակով՝ 14։9 հաշվով։
Բրոնզե մեդալի ճանապարհին հայ ըմբիշն անցկացրել է չորս գոտեմարտ և տարել երեք հաղթանակ։ Առաջին երկու հանդիպումներում Բեգոյանը հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Այտոանովին (8։4) և Ռուսաստանի ներկայացուցիչ Յակովլևին (8։3)։
Կիսաեզրափակչում Սարգիսը լարված պայքարում 8։10 հաշվով պարտվել է Ղրղզստանի ներկայացուցիչ Դոկտուրբեկ Ուուլուին, սակայն կարողացել է վերականգնվել այդ պարտությունից և հաղթանակ տանել բրոնզե մեդալի համար գոտեմարտում։
61 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բենջամին Դավինոն, որը եզրափակչում 4։1 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Յուհան Դոկտուրբեկ Ուուլուին։
Սարգիս Բեգոյանի բոլոր արդյունքները Մ23 աշխարհի առաջնությունում.
-
Հաղթանակ Այտոանովի (Ղազախստան) նկատմամբ՝ 8։4
-
Հաղթանակ Յակովլևի (Ռուսաստան) նկատմամբ՝ 8։3
-
Պարտություն Դոկտուրբեկ Ուուլուից (Ղրղզստան)՝ 8։10
-
Հաղթանակ Բեհրուզբեկ Տուրանմուրատովի (Ուզբեկստան) նկատմամբ՝ 14։9
Նշենք, որ Բեգոյանը նախկինում դարձել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների (Մ20) չեմպիոն։ Այժմ հայ ըմբիշն իր նվաճումների շարքը համալրել է երիտասարդական աշխարհի առաջնության բրոնզե մեդալով։
Սա Հայաստանի առաջին մեդալն է ազատ ոճի ըմբշամարտի այս մրցաշարում։
Վաղը Հայաստանի ներկայացուցիչներից Արման Հարությունյանը (57 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ) հանդես կգան սփոփիչ գոտեմարտերում։