Ռուսաստանցի թենիսիստուհի Ալինա Չարաևան հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ռուսաստանցի թենիսիստուհի Ալինա Չարաևան փոխել է մարզական քաղաքացիությունը և այսուհետ միջազգային մրցաշարերում կներկայացնի Հայաստանը։
24-ամյա մարզուհին ընդգրկվել է Keron Development Foundation հիմնադրամի Talent Pool ծրագրում։ Երկարատև բանակցություններից հետո և Keron Development Foundation-ի, ինչպես նաև Հայաստանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ Չարաևան պաշտոնապես ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և հետագայում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։
Այս պահին Ալինա Չարաևան զբաղեցնում է WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ հորիզոնականը։ Նրա անցումը լուրջ ուժեղացում կդառնա Հայաստանի կանանց թենիսի համար և թույլ կտա երկրին ավելի նկատելի ներկայություն ունենալ միջազգային ասպարեզում։
Չարաևան ծնվել է 2002 թվականի մայիսի 27-ին Սամարայում։ Նա Ռուսաստանի սպորտի վարպետ է և WTA 125 շարքի մեկ մրցաշարի հաղթող՝ մենախաղում։
Պատանեկան մակարդակում թենիսիստուհին նշանակալի արդյունքների է հասել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ 2020 թվականին Չարաևան հասել է պատանեկան «Ռոլան Գարոսի» եզրափակիչ մենախաղում, իսկ մեկ տարի առաջ խաղացել է Ֆրանսիայի բաց առաջնության պատանեկան մրցաշարի զուգախաղի եզրափակչում։
2020 թվականին Չարաևան նաև բարձրացել է ITF-ի պատանեկան վարկանիշի 12-րդ հորիզոնականը։ Այժմ տարածաշրջանի ամենահեռանկարային թենիսիստուհիներից մեկը կարիերան կշարունակի արդեն Հայաստանի հավաքականի կազմում։
