Ռիկարդո Դիոնիզիոն՝ Երևանի «Արարատի» նոր գլխավոր մարզիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Արարատը» պաշտոնապես հայտարարեց Ռիկարդո Դիոնիզիոյի նշանակման մասին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
43-ամյա պորտուգալացի մասնագետը ունի լուրջ միջազգային փորձ։ 2023–2024 թվականներին Դիոնիզիոն գլխավորել է շվեյցարական «Ստադ Լոզան Ուշի» ակումբը, որը պատկանում է «Արարատի» համասեփականատեր Վարդան Սրմակեշին։ Նրա վերջին աշխատավայրն էր բրազիլական «Բոտաֆոգոն», որտեղ նա աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական։ Ավելի վաղ Դիոնիզիոն ընդգրկված է եղել նաև այնպիսի հայտնի ակումբների մարզչական շտաբներում, ինչպիսիք են «Բենֆիկան», «Պորտուն», «Բրագան» և մի շարք այլ թիմեր։
Ռիկարդո Դիոնիզիոյի հետ միասին «Արարատի» մարզչական շտաբ են ընդգրկվել էկվադորցի Մարկո Դուրան Մոնտենեգրոն, Գևորգ Պողոսյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Էրիկ Խաչատրյանը։
Գլխավոր մարզչի պաշտոնում Դիոնիզիոն փոխարինեց Ալբերտ Սաֆարյանին։ Պորտուգալացին դարձավ երևանյան ակումբի առաջին օտարերկրյա մարզիչը 2020 թվականից հետո։ «Արարատում» աշխատած վերջին արտասահմանցի մասնագետը ռուս մարզիչ Իգոր Կոլիվանովն էր։
Հայաստանի ընթացիկ առաջնության 15 տուրից հետո «Արարատը» զբաղեցնում է վերջին՝ 10-րդ տեղը մրցաշարային աղյուսակում՝ ունենալով 3 միավոր։ Նոր գլխավոր մարզչի առջև կանգնած է բարդ խնդիր՝ դուրս բերել թիմը ճգնաժամից և բարելավել արդյունքները մրցաշրջանի երկրորդ հատվածում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0