Նորվեգիան հաղթեց Կոտ դ’Իվուարին և դուրս եկավ ՉՄ-2026-ի 1/8 եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նորվեգիայի հավաքականը դուրս եկավ 2026 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ՝ 1/16 եզրափակչում հաղթելով Կոտ դ’Իվուարին։
Դալլասում կայացած հանդիպումն ավարտվեց նորվեգացիների հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Առաջին խաղակեսը ստացվեց շատ լարված և դիտարժան։ Կոտ դ’Իվուարը ակտիվ սկսեց հանդիպումը և խնդիրներ էր ստեղծում Նորվեգիայի պաշտպանության համար եզրերից, սակայն ջրային դադարից հետո սկանդինավյան թիմը կարողացավ հավասարակշռել խաղը և աստիճանաբար ավելացնել ճնշումը։
Հաշիվը բացեց Անտոնիո Նուսան։ Նորվեգացիները լավ գրոհ կազմակերպեցին, գնդակը հասավ Նուսային տուգանային հրապարակի մատույցներում, և նա հիանալի հարվածով այն ուղարկեց դարպասի վերին անկյունը։
Ընդմիջումից հետո Կոտ դ’Իվուարը կարողացավ վերադառնալ խաղ։ Փոխարինման դուրս եկած Ամադ Դիալոն գեղեցիկ կոմբինացիա խաղարկեց Նիկոլյա Պեպեի հետ, ներխուժեց տուգանային հրապարակ, շրջանցեց երկու նորվեգացի պաշտպանի և դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը։
Սակայն վճռորոշ խոսքը Էրլինգ Հոլանդինն էր։ Օսկար Բոբի լավ փոխանցումից հետո Պատրիկ Բերգը գնդակը փոխանցեց տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ Հոլանդը ճիշտ դիրքում էր և գրավեց դարպասը՝ 2:1։
Վերջնամասում Կոտ դ’Իվուարը մոտ էր փրկվելուն։ 90+6-րդ րոպեին Ամադ Դիալոն վտանգավոր հարված կատարեց մոտ 25 մետրից նշանակված տուգանայինից, սակայն Նորվեգիայի դարպասապահ Օրյան Նյուլանդը փայլուն սեյվ կատարեց և պահպանեց իր թիմի հաղթանակը։
Այսպիսով, Նորվեգիան դուրս եկավ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա Բրազիլիայի հավաքականի դեմ։