Նարեկ Դավթյանը դարձել է ձյուդոյի Մ17 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Օգոստոսի 21-ին Էկվադորի Գուայաքիլ քաղաքում մեկնարկել է ձյուդոյի մինչև 17 տարեկանների 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ Մրցումների առաջին օրը տատամի են դուրս եկել Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչներ։ Լավագույն արդյունքը գրանցել է Նարեկ Դավթյանը՝ մինչև 55 կգ քաշային կարգում նվաճելով արծաթե մեդալ։
Դավթյանը մրցաշարը սկսել է Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ հաղթանակով։ Այնուհետև հայ ձյուդոիստը հաջորդաբար հաղթել է Ֆրանսիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին, իսկ կիսաեզրափակչում առավելության է հասել ուկրաինացի մարզիկի նկատմամբ։
Եզրափակչում Նարեկը հանդիպել է ամերիկացի Սեբաստիան Տերանի հետ։ Վճռորոշ գոտեմարտը լարված պայքարում է անցել և ավարտվել ԱՄՆ ներկայացուցչի նվազագույն առավելությամբ․ գոտեմարտի միակ՝ վազա-արի գնահատականը վաստակել է Տերանը։
Աշխարհի առաջնության արծաթը Նարեկ Դավթյանի համար դարձել է միջազգային մրցաշարերում նվաճած առաջին մեդալը։
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ ավարտել են ելույթները մրցաշարի վաղ փուլերում։
Մինչև 50 կգ քաշային կարգում Կարեն Նավասարդյանն առաջին գոտեմարտում հաղթել է ֆրանսիացի ձյուդոիստին, որից հետո պարտվել է Բրազիլիայի ներկայացուցչին։
Մինչև 60 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Նահապետյանը նույնպես առաջնությունը սկսել է Ֆրանսիայի ներկայացուցչի նկատմամբ հաղթանակով, սակայն երկրորդ գոտեմարտում պարտվել է ուկրաինացի մարզիկին։
Մրցումային հաջորդ օրերին Հայաստանը կներկայացնեն ևս երեք ձյուդոիստներ՝ Սերգեյ Գևորգյանը (66 կգ), Արտեմ Գալստյանը (66 կգ) և Դավիթ Ջուլհակյանը (81 կգ)։
Ձյուդոյի Մ17 աշխարհի առաջնության առաջին օրվա արդյունքները
Տղաներ
Մինչև 50 կգ
- Ֆարիդ Ռզազադե (Ադրբեջան)
- Ադիլժան Նուրբեկեն (Ղազախստան)
- Բեկարիս Կուդայբերգեն (Ղազախստան) և Անդրեա Հոֆման (Ֆրանսիա)
Մինչև 55 կգ
- Սեբաստիան Տերան (ԱՄՆ)
- Նարեկ Դավթյան (Հայաստան)
- Նոհամ Բենկրուադեմ (Ֆրանսիա) և Բոբուր Յուսուպով (Ուզբեկստան)
Մինչև 60 կգ
- Գաբբիտ Ռուսուլխան (Ղազախստան)
- Ռոման Սեմիրոզում (Կանադա)
- Ահմետ Բաուբեկ (Ղազախստան) և Էնխտուր Ջամիյան (Մոնղոլիա)
Աղջիկներ
Մինչև 40 կգ
- Իրոդա Սիրոջիդդինովա (Ուզբեկստան)
- Ադիա Ժանախմետ (Ղազախստան)
- Անա Միկելե Ալկանտարա (Բրազիլիա) և Էմիլիա Սայֆուտդինովա (Ռուսաստան)
Մինչև 44 կգ
- Ռեգինա Ախտիամովա (Ռուսաստան)
- Սեմա Նուր Յուքսել (Թուրքիա)
- Ալինա Կոլուչևա (Ուզբեկստան) և Յուլիա Բաշչուկ (Լեհաստան)
Մինչև 48 կգ
- Էդդա Բար Լև (Իսրայել)
- Մաելս Դապա (Բելգիա)
- Չարոս Նիխմատովա (Ուզբեկստան) և Ագամ Սոլ Նոյ (Իսրայել)