SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մելիքյանը՝ Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ․ արդեն 14 կորուստ ունենք, կփոխենք սխեման և նոր բան կփորձենք


Մելիքյանը՝ Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ․ արդեն 14 կորուստ ունենք, կփոխենք սխեման և նոր բան կփորձենք
Ֆուտբոլ

Ազգերի լիգայի չորրորդ տուրի Չեռնոգորիա — Հայաստան հանդիպումից առաջ Պոդգորիցայում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և ազգային թիմի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի մամուլի ասուլիսը։

Երեք տուրից հետո Չեռնոգորիան C2 խմբում առաջատարն է՝ վաստակած առավելագույն 9 միավորով։ Հայաստանի հավաքականը երեք միավորով զբաղեցնում է երրորդ տեղը։

Իվու․ կանենք ամեն ինչ հաղթանակի հասնելու համար

Ուգոչուկվու Իվուն նշել է, որ Հայաստանի հավաքականին բարդ հանդիպում է սպասվում, սակայն թիմը պայքարելու է երեք միավորի համար։

— Ի՞նչ եք սպասում խաղից։

— Մեզ ծանր խաղ է սպասվում։ Կանենք ամեն ինչ հաղթանակի հասնելու համար։ Երևանում կայացած հանդիպումը բարդ էր, բայց այստեղ ամեն ինչ կարող է այլ կերպ դասավորվել։

Մելիքյան․ արդեն 14 կորուստ ունենք

Եղիշե Մելիքյանը կրկին ուշադրություն է հրավիրել բացակայող ֆուտբոլիստների մեծ թվի վրա և ընդգծել, որ լրացուցիչ խնդիր է դարձել խիտ խաղացանկը։

— Ավելի վաղ նշել էիք, որ թիմում 13–14 կորուստ կա։ Ի՞նչ եք սպասում այս խաղից և որքանո՞վ է այն կարևոր։

— Այո, արդեն 14 կորուստ ունենք։ Գլխավոր խնդիրն այն է, որ սա արդեն չորրորդ խաղն է, իսկ դրա համար մեծ ռեսուրս է անհրաժեշտ, որը մենք չունենք։ Ամեն դեպքում ունենք ֆուտբոլիստներ, որոնք դուրս կգան խաղադաշտ և կպայքարեն հաղթանակի համար։ Մենք ունենք ծրագիր, թե ինչպես խաղալ Չեռնոգորիայի դեմ։ Դա լավ թիմ է, կարող ենք խնդիրներ ունենալ, բայց կփորձենք ցույց տալ մեր լավագույն ֆուտբոլը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նաև խոսել է սեփական հարկի տակ խաղալու գործոնի մասին։ Պոդգորիցայում կայանալիք հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են։

— Որքանո՞վ կարող է Չեռնոգորիայի երկրպագուների աջակցությունը ազդել խաղի վրա։

— Ամեն դեպքում մեզ համար սա արտագնա հանդիպում է։ Տանը մենք միշտ մեզ ավելի լավ ենք զգում, մեզ օգնում են մեր երկրպագուները։ Բայց պետք է պատրաստ լինենք տրիբունաների ճնշմանը։ Ճիշտ է՝ այժմ շատ երիտասարդ թիմ ունենք, դրա համար դժվար կլինի։ Ամեն դեպքում ես հավատում եմ թիմին։

Մելիքյանը նաև հայտնել է, որ մարզչական շտաբը լուրջ փոփոխություններ է պատրաստում նախորդ հանդիպումների համեմատ։

— Այս խաղի համար շատ փոփոխություններ ենք կատարել, կփոխենք սխեման, նոր բան կփորձենք։ Թե որքանով դա կստացվի՝ կտեսնենք խաղի ընթացքում։ Պետք է հնարավորություններ փնտրենք՝ մրցակցին խնդիրներ ստեղծելու համար, — հայտարարել է Մելիքյանը։

Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ Հայաստանի հավաքականը բախվել է բազմաթիվ կադրային խնդիրների։ Վնասվածքների պատճառով թիմին չեն կարող օգնել Հենրի Ավագյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արտյոմ Բանդիկյանը, Կամո Հովհաննիսյանը, Սերգեյ Մուրադյանը, Խուլիո Բուենոն, Էդգար Գրիգորյանը, Հովհաննես Հարությունյանը, Վահան Բիչախչյանը, Դավիթ Դավիդյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Ֆինն Գերագուսյանը և Օգնյեն Չանչարևիչը։

Արթուր Գարիբյանի մասնակցությունը հանդիպմանը դեռ հարցականի տակ է։ Բացի այդ, Էդգար Սևիկյանը բաց կթողնի խաղը որակազրկման պատճառով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։