Մանուել Տուլիպան՝ «Ռիգային» հաղթահարելուց հետո․ «Արարատ-Արմենիան» արժանի է եվրագավաթների հիմնական փուլ դուրս գալուն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլ դուրս գալը։
Ռիգայում կայացած պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվեց 2։3 հաշվով, սակայն առաջին հանդիպման 2։0 հաշվով հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» ընդհանուր 4։3 հաշվով հաղթահարեց մրցակցի արգելքը։
Առաջին խաղակեսից հետո հայկական թիմը պարտվում էր 0։2 հաշվով, սակայն ընդմիջումից հետո կարողացավ փոխել հանդիպման ընթացքն ու երկու գոլ խփել։ Հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում Տուլիպան խոսել է կատարած փոփոխությունների, Արմեն Համբարձումյանի դերի, նորեկների հարմարվելու հետ կապված խնդիրների և եվրագավաթներում ակումբի նպատակների մասին։
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի իռլանդական «Շեմրոք Ռովերսի» հետ, որը երկու հանդիպումների արդյունքում 5։3 ընդհանուր հաշվով հաղթահարել է մալթական «Ֆլորիանայի» արգելքը։
Մանուել Տուլիպայի մամուլի ասուլիսը
— Ինչպե՞ս ձեզ հաջողվեց ծանր առաջին խաղակեսից հետո փոխել հանդիպման ընթացքը երկրորդ կեսում։
— Ամբողջ հանդիպումը շատ բարդ էր։ Մենք գիտեինք մրցակցի ուժը։ «Ռիգան» բոլորովին այլ խաղային ռիթմ ունի, քանի որ թիմը մրցաշրջանի միջնամասում է և լավ ֆիզիկական մարզավիճակում։
Հանդիպման մեկնարկը մեզ համար շատ ծանր ստացվեց, թեև ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել, եթե առաջին րոպեներին օգտագործեինք մեր գոլային պահը։ Ինձ դուր է գալիս, երբ իմ թիմը պաշտպանությունից դուրս է գալիս կարճ փոխանցումների միջոցով, սակայն մրցակիցը շատ լավ էր պրեսինգի դիմում։ Դրա հետևանքով մենք սխալ թույլ տվեցինք և գոլ բաց թողեցինք՝ հայտնվելով բարդ իրավիճակում։
Ընդմիջման ժամանակ կարևոր էր ճիշտ որոշումներ կայացնել։ Ես ֆուտբոլիստներին ասացի, որ դեռ ոչինչ կորած չէ։ Մենք մի քանի վերադասավորում կատարեցինք․ Կամո Հովհաննիսյանը տեղափոխվեց պաշտպանության ձախ եզր, իսկ Ուգու Օլիվեյրան՝ աջ եզր, որտեղ նա իրեն ավելի հարմարավետ է զգում։
Սակայն հատկապես կարևոր էր Արմեն Համբարձումյանի՝ խաղադաշտ դուրս գալը։ Նա շատ լավ մտավ խաղի մեջ և օգնեց մեզ գրագետ վերահսկել գնդակը։
— Ձեր կարծիքով՝ ինչո՞ւմ սխալվեց «Ռիգան»։
— Չեմ կարծում, որ «Ռիգան» որևէ կոնկրետ սխալ թույլ տվեց։ Այս դիմակայությունում հաջողությունը մեր կողմում էր։ Միևնույն ժամանակ երկրորդ խաղակեսում բազմաթիվ դրվագներում մեր բախտը նույնպես չբերեց․ կարող էինք ավելի շատ գոլեր խփել։
Առանձին ցանկանում եմ նշել, որ այս հաջողությունը մեզ համար հսկայական նշանակություն ունի։ Նման ուժեղ թիմի արգելքը հաղթահարելը շատ արժեքավոր արդյունք է։ Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին և ակումբի բոլոր աշխատակիցներին։ Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ մենք մեծ աշխատանք կատարեցինք։ Այս արդյունքը պետք է շատ բարձր գնահատել։
— Եվրագավաթներում հատկապես կարևոր է հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը։ Ի՞նչ նպատակներ ունի թիմը հետագայի համար։
— Մենք հեռուն գնացող ծրագրեր չենք կազմում։ Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր խաղում ձգտել հաղթանակի և շարժվել հանդիպում առ հանդիպում։
Մենք հաճախ չենք լինում ֆավորիտի դերում, սակայն թե՛ ակումբը, թե՛ անձամբ ես միշտ ցանկանում ենք խաղալ բարձրակարգ թիմերի դեմ։ Նման ծանր դիմակայությունները մեզ շատ կարևոր փորձ են տալիս։
Վստահ եմ, որ մեր թիմն արժանի է եվրագավաթների հիմնական փուլ դուրս գալուն։ Մենք կփորձենք հնարավորինս շատ վարկանիշային միավորներ վաստակել Հայաստանի համար։
— Ի՞նչ խնդիրներ նկատեցիք այս դիմակայությունից հետո, և ինչի՞ վրա պետք է աշխատել հաջորդ փուլը հաղթահարելու համար։
— Գլխավոր խնդիրն այն էր, որ խաղային ռիթմով զիջում էինք մրցակցին։ «Ռիգան» ազգային առաջնությունում արդեն մոտ 20 հանդիպում է անցկացրել, ուստի արագության և շարժման առումով այլ մակարդակի վրա էր։
Սանդրո Լիման և Բրունու Վիլսոնը մեր ակումբում անցկացրել են ընդամենը մոտ 15 օր։ Այս պահին գլխավոր խնդիրներից մեկը նորեկների հարմարվելն է։ Մենք շարունակելու ենք աշխատել դրա վրա։
Իմ կարծիքով՝ ֆուտբոլիստների ընտրության առումով «Ռիգայի» կազմն ավելի ուժեղ էր։ Նման իրավիճակում հատկապես կարևոր է, որ թիմը արդյունքի հասնի խաղադաշտում ճիշտ որոշումների շնորհիվ։ Մենք դա ցուցադրեցինք և դրա շնորհիվ էլ անցանք հաջորդ փուլ։
Կցանկանայի ևս մեկ կարևոր հանգամանք նշել։ Կարո՞ղ եք նշել հայկական մեկ այլ թիմ, որի կազմում այսքան շատ հայ ֆուտբոլիստներ և Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ են հանդես գալիս։ Մեր թիմում են Կամո Հովհաննիսյանը, Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Էդգար Գրիգորյանը, Արմեն Համբարձումյանը, Կարեն Մուրադյանը և այլ ֆուտբոլիստներ։
Բազմաթիվ ակումբներ եվրագավաթներում հանդես են գալիս մեծ թվով լեգեոներներով։ Մենք հայ ֆուտբոլիստներին հնարավորություն ենք տալիս խաղալ այս մակարդակում, ինչը նպաստում է տեղական ֆուտբոլի զարգացմանը։ Ակումբի և մարզչական շտաբի մեծագույն ձեռքբերումներից մեկն այն է, որ հայ ֆուտբոլիստները մեր թիմում վճռորոշ դեր են կատարում։
— Ո՞ր թիմի դեմ կցանկանայիք խաղալ հաջորդ փուլերում։
— Շատ կցանկանայի խաղալ «Բավարիայի» դեմ, սակայն այս պահին դա հնարավոր չէ։
Եթե խոսենք երկրորդ փուլի հնարավոր մրցակիցների մասին, ապա հիշում եմ «Շեմրոք Ռովերսի» հանդիպումներից մեկը պորտուգալական թիմի դեմ, որում իռլանդական ակումբը հաղթեց։ Դա շատ ուժեղ թիմ է։
Ինձ համար հետաքրքիր կլիներ նաև խաղալ «Ֆլորիանայի» դեմ, քանի որ թիմը գլխավորում է պորտուգալացի մարզիչ։ «Արարատ-Արմենիա» — «Ֆլորիանա» դիմակայությունը հետաքրքիր կլիներ։
Մամուլի ասուլիսի անցկացման պահին «Արարատ-Արմենիայի» հաջորդ մրցակիցը դեռ որոշված չէր։ Ավելի ուշ «Շեմրոք Ռովերսը» երկու հանդիպումների արդյունքում 5։3 ընդհանուր հաշվով հաղթեց «Ֆլորիանային» և դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ։
— Առանձին կցանկանայինք իմանալ Արմեն Համբարձումյանի դերի մասին։ Որքանո՞վ է թիմի ավագը կարևոր ձեզ համար։
— Շատ հաճախ, երբ տուն եմ վերադառնում, ինքս ինձ հարցնում եմ, թե ինչու Արմեն Համբարձումյանին չեմ ընդգրկում մեկնարկային կազմում։ Նա շատ լավ է հասկանում խաղը, այդ պատճառով նրան օգտագործում եմ երկու տարբեր դիրքերում։
«Տասը համարի» դիրքը լավագույնն է նրա համար։ Նա կարողանում է ճիշտ փոխանցումներ կատարել։ Երբեմն նրան խաղացնում եմ նաև «ութ համարի» դիրքում՝ հենակետային կիսապաշտպանի կողքին։
Այսօր Էդգար Գրիգորյանը վնասվածք ստացավ, այդ պատճառով մենք ստիպված էինք մի քանի ռիսկային որոշումներ կայացնել։ Հանդիպման որոշակի հատվածում խաղադաշտում միաժամանակ հինգ հարձակողական ֆուտբոլիստ ունեինք։
Նման իրավիճակում Համբարձումյանը դաշտի կենտրոնում այնպիսի մակարդակի խաղ ցուցադրեց, որը շատ քիչ ֆուտբոլիստներ կարող են ցուցադրել։ Նա հանգիստ վերահսկում էր գնդակը, ճիշտ որոշումներ էր կայացնում, ճշգրիտ փոխանցումներ կատարում և գրեթե չէր սխալվում։ Ես շատ բարձր եմ գնահատում նրա խաղը։