SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մանուել Տուլիպան՝ «Ռիգայի» դեմ խաղից առաջ. «Պատասխան հանդիպումը սկսում ենք 0:0 հաշվից»


Մանուել Տուլիպան՝ «Ռիգայի» դեմ խաղից առաջ. «Պատասխան հանդիպումը սկսում ենք 0:0 հաշվից»
Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան պատասխանել է լրագրողների հարցերին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ լատվիական «Ռիգայի» դեմ պատասխան հանդիպումից առաջ։

Հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում։ Հայաստանի չեմպիոնը խաղին մոտենում է երկու գնդակի առավելությամբ։ Աբովյանում կայացած առաջին հանդիպումում «Արարատ-Արմենիան» Ուգո Օլիվեյրայի և Կառլոս Ֆրանսայի գոլերի շնորհիվ հաղթել է 2:0 հաշվով։

Պատասխան խաղում «Ռիգային» չի օգնի թիմի հիմնական դարպասապահ Ֆրենկս Օրոլսը, որը հեռացվել էր առաջին հանդիպման երկրորդ խաղակեսում։

Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում Մանուել Տուլիպան խոսել է թիմի նախապատրաստության, մրցակցի խաղում հնարավոր փոփոխությունների, նորեկների հարմարվողականության և արդյունավետ հարձակվող ունենալու կարևորության մասին։

Մանուել Տուլիպայի մամուլի ասուլիսը «Ռիգա» — «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ

— Կարծիք կա, որ 2:0 հաշվով առավելությունը ֆուտբոլում ամենավտանգավոր և «սայթաքուն» առավելություններից մեկն է։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։

— Ես հասկանում և ընդունում եմ, որ երկու գնդակի առավելությունը կարող է վտանգավոր լինել։ Խաղից առաջ ֆուտբոլիստներիս ասացի, որ պատասխան հանդիպումը սկսում ենք 0:0 հաշվից։

Առաջին հանդիպումն այս դիմակայության միայն առաջին կեսն էր։ Մենք հաղթել ենք այն, բայց գործը դեռ ավարտված չէ։ Ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք նաև վաղը։ Դրական արդյունքի հասնելու համար պետք է յուրաքանչյուր հանդիպումից հետո բարելավենք մեր խաղը։

— Ինչպե՞ս է «Արարատ-Արմենիան» փոխելու իր խաղը պատասխան հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով, որ թիմերն արդեն լավ ուսումնասիրել են միմյանց։

— Կարծում եմ՝ հենց «Ռիգան» ավելի շատ փոփոխություններ կկատարի իր խաղում և հանդիպմանը կմոտենա այլ կերպ։ Հնարավոր է՝ մրցակիցը փոխի տակտիկական սխեման, քանի որ ընդհանուր հաշվով պարտվում է 0:2։

Մենք մանրամասն վերլուծել ենք ոչ միայն մեր առաջին հանդիպումը, այլև նման իրավիճակները, որոնցում «Ռիգան» հայտնվել է նախկինում։ Պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և հասկանանք, թե մրցակցի գլխավոր մարզիչն ինչպես կարող է արձագանքել ստեղծված իրավիճակին։

Մենք հիշում ենք նախորդ տարվա՝ «Ռիգայի» և Պրահայի «Սպարտայի» դիմակայությունը։ Լատվիական թիմն առաջին խաղում պարտվեց 0:2 հաշվով, սակայն տանը բոլորովին այլ տեսք ուներ և հաղթեց 1:0 հաշվով։ Դա բավարար չէր հաջորդ փուլ դուրս գալու համար, բայց Ռիգայում մրցակիցը բոլորովին այլ կերպ էր խաղում։

Այդ պատճառով մենք չպետք է նվազեցնենք խաղի տեմպն ու ինտենսիվությունը։

— «Արարատ-Արմենիայի» կազմում նորեկներ կան։ Որքանո՞վ են նրանք արդեն հարմարվել նոր թիմին և պատրաստ ավելի շատ խաղաժամանակ ստանալու։

— Որոշ ֆուտբոլիստներ համեմատաբար ուշ են միացել թիմին, ուստի նրանց համար դեռ հեշտ չէ ամբողջությամբ հարմարվել մեր տակտիկական մոդելին։

Միևնույն ժամանակ մենք ի սկզբանե ընտրել ենք այնպիսի ֆուտբոլիստների, որոնք համապատասխանում են թիմի խաղային սխեմային և մեր պահանջներին։ Նրանք բավականաչափ խելացի ֆուտբոլիստներ են և ունակ են արագ հասկանալ մեր խաղային սկզբունքները։

Ինձ համար ավելի հեշտ է ֆիզիկապես պատրաստել նոր ֆուտբոլիստին, քան նրան հարմարեցնել մեր խաղաոճին։ Այդ պատճառով հատկապես կարևոր են թիմային ոգին և կոլեկտիվ խաղի ըմբռնումը։ Նոր ֆուտբոլիստներին ընտրելիս հաշվի ենք առել հենց այս հատկանիշները։

— Ի՞նչ կարող եք ասել թիմ վերադարձած Միշել Այվազյանի մասին։ Որքանո՞վ է նա պատրաստ հիմնական կազմում խաղալուն։

— Անկեղծ ասած՝ Միշելն ինձ համար հաճելի անակնկալ էր։ Ինձ շատ են դուր գալիս նրա որակներն ու ֆուտբոլիստի պրոֆիլը։

Նա աշխատասեր է, ամեն օր ցանկանում է նոր բան սովորել և շատ պրոֆեսիոնալ է վերաբերվում աշխատանքին։ Վստահ եմ, որ Միշելը դեռ կստանա իր հնարավորությունը։ Ես նրա հետ կապված մեծ ծրագրեր ունեմ։ Այժմ նա շարունակում է աշխատել և բարելավել իր ֆիզիկական վիճակը։

— Նախորդ մրցաշրջանում թիմը չուներ մեկ ընդգծված ռմբարկու։ Այժմ կազմում նոր հարձակվողներ են հայտնվել։ Որքանո՞վ է կարևոր ունենալ ֆուտբոլիստ, որը պարբերաբար գոլեր կխփի։

— Սովորաբար տիտղոսներ նվաճող թիմերի կազմում շատ արդյունավետ հարձակվողներ են լինում։ Իհարկե, կցանկանայի, որ այս մրցաշրջանում մենք նույնպես նման ֆուտբոլիստ ունենայինք։ Սակայն, եթե նայենք նախորդ մրցաշրջանին, մեր հաջողության գլխավոր պատճառներից մեկը տարբեր դիրքերում հանդես եկող ֆուտբոլիստների արդյունավետ խաղն էր։ Մեզ մոտ գոլեր էին խփում եզրային և կենտրոնական պաշտպանները, կիսապաշտպաններն ու հարձակվողները։

Մեկ ընդգծված ռմբարկու ունենալը հաջողության միակ բանաձևը չէ։ Օրինակ՝ «Ուրարտուն» ուներ առաջնության լավագույն ռմբարկուին, սակայն թիմը մրցաշրջանն ավարտեց հինգերորդ տեղում։

Անկասկած, նման հարձակվող ունենալը կարևոր է։ Բայց եթե առանց մեկ գլխավոր ռմբարկուի կրկին չեմպիոն դառնանք, որևէ խնդիր չի լինի։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։