SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ո՞վ կարող է խանգարել Մալխաս Ամոյանին դառնալ աշխարհի եռակի չեմպիոն։ 2026 թվականի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի հիմնական հավակնորդները


Ո՞վ կարող է խանգարել Մալխաս Ամոյանին դառնալ աշխարհի եռակի չեմպիոն։ 2026 թվականի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի հիմնական հավակնորդները Photo: UWW
Ըմբշամարտ Բացառիկ

Հոկտեմբերի 24-ին Ղազախստանի Աստանա քաղաքում կմեկնարկի ըմբշամարտի 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը կլինի Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը, որը կփորձի նվաճել աշխարհի առաջնություններում իր երրորդ ոսկե մեդալը և պաշտպանել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 77 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Սակայն հերթական չեմպիոնության ճանապարհը հեշտ չի լինելու։ Աստանայում Ամոյանը ստիպված կլինի մրցել աշխարհի նախկին չեմպիոնների, Օլիմպիական խաղերի մրցանակակիրների, փորձառու մրցակիցների և հեռանկարային երիտասարդ ըմբիշների դեմ։

Մինչև 77 կգ քաշային կարգում հայտավորված է 33 ըմբիշ, որոնց թվում կան ոսկե մեդալի մի քանի լուրջ հավակնորդներ։ Առանձնահատուկ վտանգ են ներկայացնում դասակարգման համար չունեցող մասնակիցները, որոնք կարող են հայ ըմբիշին հանդիպել արդեն մրցաշարի սկզբնական փուլերում։

Sportaran-ը ներկայացնում է Մալխաս Ամոյանի գլխավոր մրցակիցներին 2026 թվականի աշխարհի առաջնությունում։

Մալխաս Ամոյանը՝ մինչև 77 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտ

27-ամյա Մալխաս Ամոյանն Աստանա է մեկնում աշխարհի գործող չեմպիոնի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի ուժեղագույն ներկայացուցիչներից մեկի կարգավիճակով։

Հայ ըմբիշն արդեն երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ 2021 թվականին մինչև 72 կգ, իսկ 2025 թվականին՝ մինչև 77 կգ քաշային կարգում։

Անցյալ տարի Զագրեբում կայացած աշխարհի առաջնությունում Ամոյանը տպավորիչ պայքար ցուցադրեց։ Եզրափակչում նա 10:1 հաշվով ջախջախեց Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային՝ նվաճելով կարիերայի երկրորդ ոսկե մեդալն աշխարհի առաջնություններում։

2026 թվականին Մալխասը մասնակցել է միայն մեկ միջազգային մրցաշարի՝ Ալբանիայում կայացած Եվրոպայի առաջնությանը, որտեղ կրկին դարձել է հաղթող։ Եզրափակչում նա 1:1 հաշվով, լրացուցիչ ցուցանիշների առավելությամբ, հաղթել է վրացի Ռամազ Զոիձեին։

United World Wrestling-ն իր պաշտոնական նախաբանում Ամոյանին նույնիսկ անվանել է «իդեալական ըմբիշ»՝ ընդգծելով նրա բազմակողմանիությունն ու գոտեմարտերի ընթացքը վերահսկելու կարողությունը։

Սակայն Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությունում մրցակցությունը զգալիորեն ավելի բարձր կլինի, քան Եվրոպայի առաջնությունում։

Մալխաս Ամոյան․ մեկ տարի առանց պարտության և աշխարհի չեմպիոնի տիտղոս․ բոլոր արդյունները Օլիմպիական խաղերից հետո

Մալխաս Ամոյանի գլխավոր մրցակիցները ԱԱ-2026-ում

Ալի Օսկու (Իրան)՝ ամենավտանգավոր մրցակիցներից մեկը

Իրանցի ըմբիշ Ալի Օսկուն համարվում է աշխարհի առաջնության մեդալների գլխավոր հավակնորդներից մեկը։

2026 թվականին նա հաղթել է Զագրեբում կայացած վարկանիշային մրցաշարում՝ եզրափակչում 9:1 հաշվով ջախջախելով հունգարացի Զոլտան Լևային։

Ասիայի առաջնությունում Օսկուն նույնպես հասել է եզրափակիչ, որտեղ հանդիպել է աշխարհի կրկնակի չեմպիոն, ղրղզստանցի Ակժոլ Մահմուդովի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 3:3 հաշվով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ոսկե մեդալը բաժին է հասել Մահմուդովին։

Այսպիսով, իրանցին դարձել է Ասիայի առաջնության արծաթե մեդալակիր և հաստատել, որ ունակ է հավասար պայքար մղել իր քաշային կարգի ուժեղագույն ըմբիշների հետ։

Օսկուն ստացել է դասակարգման ութերորդ համարը, սակայն իր վարպետությամբ կարող է խնդիրներ ստեղծել մրցաշարի գրեթե ցանկացած մասնակցի, այդ թվում՝ Ամոյանի համար։

Սանան Սուլեյմանով (Ադրբեջան)՝ Ամոյանի համար անհարմար մրցակից

Հայ ըմբիշի ամենասկզբունքային մրցակիցներից մեկը շարունակում է մնալ Սանան Սուլեյմանովը։

Ադրբեջանցին 2023 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է, իսկ Փարիզի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է հինգերորդ տեղը։ Հատկապես կարևոր է, որ Սուլեյմանովն Ամոյանի հետ անձնական հանդիպումներում դրական հաշվեկշիռ ունի․ ադրբեջանցի ըմբիշը տարել է երկու հաղթանակ՝ Հայաստանի ներկայացուցչի մեկի դիմաց։

Սուլեյմանովը մինչև 77 կգ քաշային կարգում հանդես գալու մեծ փորձ ունի և լավ ծանոթ է Մալխասի գոտեմարտելու ոճին։ Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությունում ադրբեջանցին դասակարգված է հինգերորդ համարով և կրկին հավակնելու է մեդալի։

Իբրահիմ Գանեմ (Ֆրանսիա)՝ աշխարհի չեմպիոն, որը 72 կգ-ից տեղափոխվել է 77 կգ

Մինչև 77 կգ քաշային կարգի ամենահետաքրքիր մասնակիցներից մեկը կլինի եգիպտական ծագումով ֆրանսիացի ըմբիշ Իբրահիմ Գանեմը։ 31-ամյա մարզիկը զգալի հաջողությունների է հասել ոչ օլիմպիական՝ մինչև 72 կգ քաշային կարգում։

Նրա նվաճումների թվում են՝

  • 2023 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալը։

  • 2024 և 2025 թվականների աշխարհի առաջնությունների արծաթե մեդալները։

  • Եվրոպայի չեմպիոնի երկու տիտղոս՝ 2025 և 2026 թվականներին։

Այժմ Գանեմը որոշել է հանդես գալ օլիմպիական՝ մինչև 77 կգ քաշային կարգում։

Այս տեղափոխությունն աշխարհի առաջնությանը լրացուցիչ ինտրիգ է հաղորդում։ Ֆրանսիացի ըմբիշը հսկայական փորձ ունի և կարողանում է հաջող հանդես գալ միջազգային խոշորագույն մրցաշարերում։

Գլխավոր վտանգն այն է, որ Գանեմը նոր քաշային կարգում դասակարգման համար չունի։ Հետևաբար, նա կարող է Ամոյանի մրցակիցը դառնալ արդեն առաջին փուլերից մեկում։

Ալի Արսալան (Սերբիա)՝ աշխարհի ևս մեկ չեմպիոն առանց դասակարգման համարի

Դասակարգման համար չունեցող մյուս պոտենցիալ վտանգավոր մասնակիցը Ալի Արսալանն է՝ իրանական ծագումով ըմբիշը, որը ներկայացնում է Սերբիան։

2022 թվականին Արսալանը Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է մինչև 72 կգ քաշային կարգի ոսկե մեդալը։ Այժմ փորձառու ըմբիշը հանդես կգա մինչև 77 կգ քաշային կարգում, որտեղ ստիպված կլինի մրցել ավելի ծանր մրցակիցների դեմ։

Արսալանն արդեն ապացուցել է, որ ունակ է հաղթել համաշխարհային մակարդակում։ Դասակարգման համարի բացակայությունը նրան դարձնում է մրցաշարի ֆավորիտների համար ամենաանցանկալի հավանական մրցակիցներից մեկը առաջնության սկզբնական փուլերում։

Ալեքսանդրին Գուցու (Մոլդովա)՝ աշխարհի եռակի չեմպիոն U23-ում

23-ամյա Ալեքսանդրին Գուցուն համարվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ամենահեռանկարային ներկայացուցիչներից մեկը։

Մոլդովացի ըմբիշը երեք տարի անընդմեջ հաղթել է աշխարհի U23 առաջնությունում՝ 2023, 2024 և 2025 թվականներին։ Առաջին երկու տիտղոսները նա նվաճել է մինչև 77 կգ, իսկ երրորդը՝ մինչև 82 կգ քաշային կարգում։

Սակայն մեծահասակների մակարդակում Գուցուն դեռ չի կարողացել համարժեք հաջողությունների հասնել։ 2026 թվականի Եվրոպայի առաջնությունում նա մնացել է առանց մեդալի՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվելով շվեդ Էդվին Բաֆին։

Ամոյանի դեմ մոլդովացի ըմբիշը հանդես է եկել երեք անգամ և բոլոր դեպքերում պարտվել է, այդ թվում՝ 2026 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում։

Այնուամենայնիվ, Գուցուն շարունակում է առաջադիմել, իսկ նրա հարձակողական ոճը կարող է դժվարություններ ստեղծել նույնիսկ փորձառու մրցակիցների համար։ Աստանայում մոլդովացի մարզիկը ստացել է դասակարգման վեցերորդ համարը։

Ռամազ Զոիձե (Վրաստան)՝ վերջին տարիների գլխավոր եվրոպական մրցակիցը

Ռամազ Զոիձեն քաջ ծանոթ է հայ երկրպագուներին։ Հենց վրացի ըմբիշն է երկու տարի անընդմեջ դարձել Մալխաս Ամոյանի մրցակիցը Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում։

2025 թվականին Ամոյանը նրան հաղթել է 3:1 հաշվով, իսկ 2026 թվականին պայքարն ավելի լարված է ստացվել՝ 1:1 հաշիվ և հայ ըմբիշի հաղթանակ լրացուցիչ ցուցանիշներով։

Չնայած մեծահասակների աշխարհի առաջնություններում խոշոր նվաճումների բացակայությանը՝ Զոիձեն պարբերաբար բարձր մակարդակ է ցուցադրում եվրոպական մրցասպարեզում։ Վրացին կարողանում է Ամոյանին պարտադրել համառ ու լարված պայքար, որտեղ գոտեմարտի ելքը կարող է վճռվել մեկ գործողությամբ։

Աստանայում Զոիձեն չի մտնում դասակարգված ութ ըմբիշների շարքում, ուստի Մալխասի հետ նոր հանդիպումը հնարավոր է եզրափակչից շատ ավելի վաղ։

Սերգեյ Կուտուզով (Ռուսաստան)՝ վտանգավոր ըմբիշ առանց դասակարգման համարի

27-ամյա Սերգեյ Կուտուզովը ներկայացնում է Ռուսաստանը և նույնպես մեդալների հավանական հավակնորդներից է։

Ռուս ըմբիշը միշտ չէ, որ տեղ է ստանում ազգային հավաքականի հիմնական կազմում, սակայն միջազգային մրցաշարերում բազմիցս բարձր մակարդակ է ցուցադրել։

Կուտուզովն Ամոյանի հետ արդեն հանդիպել է 2021 թվականին, երբ երկուսն էլ հանդես էին գալիս մինչև 72 կգ քաշային կարգում։ Այդ ժամանակ հայ ըմբիշը երկու հաղթանակ էր տարել։

Այդ ժամանակից ի վեր երկու ըմբիշներն էլ լրացուցիչ փորձ են ձեռք բերել և հաստատվել ավելի ծանր քաշային կարգում։

UWW-ն իր նախաբանում առանձին հիշատակել է Կուտուզովին՝ որպես Աստանայում անակնկալ մատուցելու ունակ ըմբիշներից մեկին։

Ռուսաստանցին դասակարգման համար չունի, ինչը նրան դարձնում է Ամոյանի համար ևս մեկ հնարավոր սպառնալիք մրցաշարի մեկնարկային փուլերում։

Ահմեթ Յըլմազ (Թուրքիա)՝ ԱԱ-2025-ի բրոնզե մեդալակիր

30-ամյա Ահմեթ Յըլմազը մինչև 77 կգ քաշային կարգի ամենափորձառու մասնակիցներից մեկն է։

Թուրք ըմբիշը պարբերաբար պայքարում է խոշոր միջազգային մրցաշարերի մեդալների համար։

2025 թվականի աշխարհի առաջնությունում Յըլմազը նվաճել է բրոնզե մեդալ, թեև մրցաշարի ընթացքում քառորդ եզրափակչում 1:3 հաշվով պարտվել էր Մալխաս Ամոյանին։

Աստանայում Թուրքիայի ներկայացուցիչը դասակարգված կլինի երրորդ համարով։

Չնայած նախորդ տարվա պարտությանը՝ Յըլմազը շարունակում է մնալ լուրջ մրցակից, հատկապես լարված գոտեմարտերում, որտեղ արդյունավետ գործողությունները քիչ են։

Ռոբերտ Ֆրիտշ (Հունգարիա)՝ UWW-ի վարկանիշի և դասակարգման առաջատար

Հետաքրքիր է, որ Մալխաս Ամոյանը գլխավորում է ֆավորիտների ցանկը, բայց ոչ համաշխարհային վարկանիշը։ Առաջին հորիզոնականը զբաղեցնում է հունգարացի ըմբիշ Ռոբերտ Ֆրիտշը, որը աշխարհի առաջնությունում ստացել է դասակարգման առաջին համարը։

Ի տարբերություն Ամոյանի՝ Ֆրիտշը 2026 թվականին ակտիվորեն մասնակցել է միջազգային մրցաշարերի և մեծ քանակությամբ վարկանիշային միավորներ հավաքել։ Նա բրոնզե մեդալներ է նվաճել Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Ալբանիայում և Խորվաթիայում կայացած վարկանիշային մրցաշարերում։

Բացի այդ, հունգարացին 2025 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։ Հատկանշական է, որ Ամոյանն ու Ֆրիտշը մինչ այժմ UWW-ի պաշտոնական մրցաշարերում միմյանց դեմ չեն գոտեմարտել։

Ուստի Աստանայում նրանց հնարավոր հանդիպումը հատկապես հետաքրքիր կլինի։ Միևնույն ժամանակ, վարկանիշում առաջատար լինելը չի նշանակում, որ հունգարացի ըմբիշն իր մարզական մակարդակով գերազանցում է Հայաստանի ներկայացուցչին։

Մերեյ Մաուլիտկանով (Ղազախստան)՝ մրցաշարի տանտերերի հույսը

Առանձին ուշադրության է արժանի Ղազախստանի ներկայացուցիչ Մերեյ Մաուլիտկանովը։

Երիտասարդ ըմբիշը նախկինում հանդես է եկել մինչև 72 կգ քաշային կարգում, որտեղ նվաճել է աշխարհի U23 առաջնության բրոնզե և Ասիայի U23 առաջնության ոսկե մեդալները։ Այժմ նա ուժերը կփորձի մինչև 77 կգ քաշային կարգում։

Մեծահասակների միջազգային մրցաշարերում Մաուլիտկանովը դեռ չի կարող պարծենալ խոշոր նվաճումներով, սակայն հայրենիքում անցկացվող աշխարհի առաջնությունը նրա համար լրացուցիչ մոտիվացիա կլինի։

Վերջին տարիներին ղազախստանցի ըմբիշները նկատելի հաջողությունների են հասնում համաշխարհային մրցասպարեզում, իսկ Աստանայում երկրպագուների աջակցությունը կարող է կարևոր դեր խաղալ։

Մաուլիտկանովը նույնպես դասակարգման համար չի ստացել և հնարավոր է՝ Ամոյանի հետ հանդիպի արդեն սկզբնական փուլերում։

Ո՞ր ուժեղ ըմբիշները բաց կթողնեն ԱԱ-2026-ը մինչև 77 կգ քաշային կարգում

Չնայած մասնակիցների տպավորիչ կազմին՝ Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը չեն մասնակցի մի քանի հայտնի ըմբիշներ, որոնք կարող էին լուրջ մրցակիցներ դառնալ Ամոյանի համար։

Նաո Կուսակա (Ճապոնիա)։ Օլիմպիական խաղերի գործող չեմպիոնը և ԱԱ-2025-ի արծաթե մեդալակիրը հայտավորված չէ մրցաշարին։ Նրա փոխարեն Ճապոնիան կներկայացնի 23-ամյա Իսամի Հորիկիտան, որը դեռ մեծահասակների մակարդակում խոշոր նվաճումներ չունի։

UWW-ի հինգ մրցաշարերում Հորիկիտան ընդամենը մեկ հաղթանակ է տարել։ Մասնավորապես, 2025 թվականի աշխարհի U23 առաջնությունում նա պարտվել է հայ ըմբիշ Սամվել Տերտերյանին։

Ալիրեզա Աբդեվալի (Իրան)։ Մյուս ուշագրավ բացական իրանցի մարզիկն է, որը 2025 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ կիսաեզրափակչում 1:5 հաշվով պարտվելով Ամոյանին։

2026 թվականի հոկտեմբերին Աբդեվալին դարձել է Ասիական խաղերի չեմպիոն՝ եզրափակչում 5:3 հաշվով հաղթելով օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակային։ Սակայն Աստանայում նրա փոխարեն հանդես կգա Ալի Օսկուն։

Ակժոլ Մահմուդով (Ղրղզստան)։ Աշխարհի կրկնակի և Ասիայի քառակի չեմպիոնը նույնպես չի հանդես գա իր սովորական՝ մինչև 77 կգ քաշային կարգում։ ԱԱ-2026-ում Մահմուդովը հայտավորված է ավելի ծանր՝ մինչև 82 կգ քաշային կարգում։

Այսպիսով, վերջին տարիների երեք ուժեղագույն ասիացի ըմբիշները բացակայում են Ամոյանի քաշային կարգից, սակայն նույնիսկ առանց նրանց մրցակցությունը չափազանց լուրջ է լինելու։

Մինչև 77 կգ քաշային կարգի դասակարգումը 2026 թվականի աշխարհի առաջնությունում

UWW-ի վարկանիշի հիման վրա ութ ըմբիշ ստացել է դասակարգման համարներ, որոնք հաշվի կառնվեն մրցաշարային ցանցը կազմելիս։

  1. Ռոբերտ Ֆրիտշ (Հունգարիա)

  2. Մալխաս Ամոյան (Հայաստան)

  3. Ահմեթ Յըլմազ (Թուրքիա)

  4. Անտոնիո Կամենյաշևիչ (Խորվաթիա)

  5. Սանան Սուլեյմանով (Ադրբեջան)

  6. Ալեքսանդրին Գուցու (Մոլդովա)

  7. Ստոյան Կուբատով (Բուլղարիա)

  8. Ալի Օսկու (Իրան)

Միևնույն ժամանակ, մի շարք ուժեղ ըմբիշներ մնացել են առանց դասակարգման համարի։ Նրանց թվում են Իբրահիմ Գանեմը, Ալի Արսալանը, Ռամազ Զոիձեն, Սերգեյ Կուտուզովը և Մերեյ Մաուլիտկանովը։

Սա զգալիորեն մեծացնում է վիճակահանության կարևորությունը․ արդեն մրցաշարի առաջին փուլերում կարող են կայանալ գոտեմարտեր, որոնք արժանի կլինեին աշխարհի առաջնության կիսաեզրափակչին կամ նույնիսկ եզրափակչին։

Ե՞րբ Մալխաս Ամոյանը հանդես կգա ԱԱ-2026-ում

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Աստանայում 2026 թվականի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը։

Մալխաս Ամոյանն իր ելույթները կսկսի մրցաշարի առաջին օրը՝ հոկտեմբերի 24-ին։

  • Հոկտեմբերի 23 — հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումների վիճակահանություն։

  • Հոկտեմբերի 24 — մինչև 77 կգ քաշային կարգի որակավորման գոտեմարտեր, քառորդ եզրափակիչներ և կիսաեզրափակիչներ։

  • Հոկտեմբերի 25 — սփոփիչ գոտեմարտեր, բրոնզե մեդալի համար պայքար և եզրափակիչ։

Աստանայում 2028 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրեր չեն խաղարկվի։ Սակայն օլիմպիական որակավորման մեկնարկից առաջ անցկացվող վերջին աշխարհի առաջնությունում հաջող ելույթը ըմբիշներին թույլ կտա ամրապնդել իրենց դիրքերը միջազգային մրցասպարեզում։

Կկարողանա՞ Մալխաս Ամոյանը նվաճել աշխարհի առաջնության երրորդ ոսկե մեդալը

Մալխաս Ամոյանը 2026 թվականի աշխարհի առաջնությանը մոտենում է մինչև 77 կգ քաշային կարգի գլխավոր ֆավորիտի կարգավիճակով։

Նա աշխարհի գործող չեմպիոնն է, 2026 թվականի Եվրոպայի առաջնության հաղթողը և արդեն բազմիցս հաղթել է առաջիկա մրցաշարի բազմաթիվ մասնակիցների։ Սակայն աշխարհի առաջնության նախապատրաստությունն առանց խնդիրների չի անցել։ Poland Open մրցաշարում Ամոյանը վնասվածք է ստացել և անսպասելի պարտություն կրել ուկրաինացի ըմբիշից, որը միջազգային խոշոր տիտղոսներ չունի։

Այնուամենայնիվ, հայ ըմբիշի համար գլխավոր փորձությունը կարող է լինել ոչ թե կոնկրետ մրցակիցը, այլ մրցաշարային ցանցը։

Գանեմի, Արսալանի, Զոիձեի և Կուտուզովի նման դասակարգման համար չունեցող մարզիկների ներկայությունը մեծացնում է չափազանց բարդ գոտեմարտերի հավանականությունը դեռ մինչև կիսաեզրափակիչ։

Եթե Ամոյանին հաջողվի հաղթահարել մրցաշարի առաջին փուլերը, նա հնարավորություն կստանա պայքարելու աշխարհի առաջնությունների պատմական երրորդ ոսկե մեդալի համար։ Այս նվաճումն էլ ավելի կամրապնդի նրա դիրքերը հայկական սպորտի պատմության լավագույն ըմբիշների շարքում։

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 2026․ ինչպիսի՞ մարզավիճակով են Հայաստանի հավաքականի առաջատարները մոտենում տարվա գլխավոր մրցաշարին

Հայաստանի հավաքականը պատրաստ է հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ-2026-ին․ Ամոյանը մտադիր է նվաճել երրորդ ոսկին

Առանց Ալեքսանյանի, բայց Ամոյանի հետ․ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-2026-ի համար


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։