LIVE | Հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ-2026-ի երկրորդ օրը. գորգ դուրս կգան չորս հայ ըմբիշ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 25-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի 2026 թվականի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը։ Այսօր գորգ դուրս կգան Հայաստանի հավաքականի չորս ներկայացուցիչներ. նրանցից երեքը կսկսեն իրենց ելույթները նոր քաշային կարգերում, իսկ ևս մեկը կպայքարի բրոնզե մեդալ նվաճելու հնարավորության համար։
72, 97 և 130 կգ քաշային կարգերում կմեկնարկեն որակավորման գոտեմարտերը, որոնց արդյունքներով կորոշվեն կիսաեզրափակիչի մասնակիցները։ Բացի այդ, տեղի կունենան սփոփիչ գոտեմարտերը և աշխարհի առաջնության առաջին մեդալային հանդիպումները։
Հայաստանի ըմբիշները ԱԱ-2026-ի երկրորդ օրը
Որակավորման գոտեմարտեր.
-
72 կգ՝ Աշոտ Խաչատրյան
-
97 կգ՝ Հայկ Խլոյան
-
130 կգ՝ Ռազմիկ Քուրդյան
Սփոփիչ փուլ.
-
60 կգ՝ Սուրեն Աղաջանյան
Աղաջանյանը մրցումային առաջին օրվա մասնակիցներից Հայաստանի միակ ներկայացուցիչն է, որը պահպանել է մեդալ նվաճելու հնարավորությունը։ Հոկտեմբերի 24-ին հայ ըմբիշին չհաջողվեց դուրս գալ քառորդ եզրափակիչ, սակայն նրան հաղթած մրցակցի՝ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ Աղաջանյանը հնարավորություն ստացավ շարունակելու պայքարը սփոփիչ փուլում։
Բրոնզե մեդալ նվաճելու համար Աղաջանյանը պետք է հաջողությամբ հաղթահարի սփոփիչ գոտեմարտերը և հաղթի երրորդ տեղի համար պայքարում։
Ըմբշամարտի ԱԱ-2026-ի երկրորդ օրվա ժամանակացույցը
Ժամերը՝ Երևանի ժամանակով.
-
09:30 — որակավորման գոտեմարտեր (72, 97 և 130 կգ), սփոփիչ փուլ (55, 60, 77 և 82 կգ)։
-
15:45 — կիսաեզրափակիչներ (72, 97 և 130 կգ)։
-
17:00 — բրոնզե և ոսկե մեդալների համար գոտեմարտեր (55, 60, 77 և 82 կգ)։
Այսպիսով, արդեն այսօր հայտնի կդառնան հունահռոմեական ըմբշամարտի 2026 թվականի աշխարհի առաջնության առաջին չորս չեմպիոնները։
LIVE | Որտեղ դիտել ըմբշամարտի ԱԱ-2026-ի ուղիղ հեռարձակումը
Մրցումային երկրորդ օրվա գոտեմարտերին կարելի է հետևել հետևյալ հղումներով.
Բոլոր գոտեմարտերի պաշտոնական ուղիղ հեռարձակումը հասանելի է վճարովի UWW+ հարթակում։
Ըմբշամարտի 2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվում է Աստանայում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը։ Հունահռոմեական ըմբշամարտի մրցումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 27-ը, որից հետո կմեկնարկեն կանանց և ազատ ոճի ըմբիշների մրցումները։