Իրանը և Նոր Զելանդիան ոչ-ոքի խաղացին ԱԱ-2026-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Իրանի և Նոր Զելանդիայի հավաքականները չկարողացան հաղթողին որոշել 2026 թվականի աշխարհի առաջնության առաջին տուրի խաղում։ G խմբի հանդիպումը Լոս Անջելեսում ավարտվեց 2:2 հաշվով։
Խաղը ստացվեց բաց և իրադարձություններով հարուստ։ Նոր Զելանդիան երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ Էլայջա Ջասթի դուբլի շնորհիվ, իսկ երկու գոլային դրվագներում էլ նրան ասիստ կատարեց Քրիս Վուդը։ Սակայն Իրանի հավաքականը ամեն անգամ կարողացավ պատասխանել և արդյունքում փրկեց մեկ միավոր։
Հանդիպման գլխավոր հերոսներից մեկը դարձավ Ռամին Ռեզաեյանը։ Հենց նա խփեց Իրանի առաջին գոլը, իսկ հետո մասնակցեց իր թիմի երկրորդ գոլային գրոհին։ Խաղի ավարտից հետո Ռեզաեյանը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Նոր Զելանդիայի համար այս արդյունքը նույնպես կարելի է հաջող մեկնարկ համարել։ Թիմը վաստակեց իր առաջին միավորը մրցաշարում, իսկ Էլայջա Ջասթը դուբլ ձևակերպեց աշխարհի առաջնության խաղում։
«Սա շատ յուրահատուկ պահ է։ Մրցաշարից առաջ մենք շատ նպատակներ ունեինք, և առաջինը միավոր վաստակելն էր։ Մեկ միավորը նորմալ արդյունք է, ունենք շատ դրական պահեր, որոնց վրա կարող ենք կառուցել հաջորդ քայլերը։ Մեկ գոլ խփելը արդեն այնպիսի բան էր, որի մասին չէի էլ կարող երազել, իսկ երկու գոլը պարզապես անհավատալի է», — խաղից հետո ասել է Ջասթը։
G խմբի երկու հանդիպումներից հետո լիակատար հավասարություն է։ Ավելի վաղ Բելգիան և Եգիպտոսը նույնպես ոչ-ոքի էին խաղացել՝ 1:1 հաշվով։ Այսպիսով, խմբի բոլոր չորս թիմերն էլ աշխարհի առաջնությունը սկսել են մեկական միավորով։
G խումբը առաջին տուրից հետո խոստանում է դառնալ մրցաշարի ամենաինտրիգային խմբերից մեկը․ դեռ ոչ մի թիմ առավելություն չի ստացել, իսկ փլեյ-օֆֆ դուրս գալու պայքարը նոր է սկսվում։