Գաբրիել Կոուտուն՝ «Արարատ-Արմենիայի» և «Ունիվերսիտատեայի» ոչ-ոքիի մասին․ 1:1 հաշիվը համապատասխանում է խաղին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի օգնական Գաբրիել Կոուտուն պատասխանել է լրագրողների հարցերին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ առաջին հանդիպումից հետո։
Կրայովայում կայացած հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1։ Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին Երևանում։
«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան որակազրկման պատճառով հանդիպմանը հետևել է տրիբունայից և չի կարողացել մասնակցել հետխաղյա մամուլի ասուլիսին։
Հետխաղյա մամուլի ասուլիս․ «Ունիվերսիտատեա Կրայովա» — «Արարատ-Արմենիա»՝ 1:1
— Դատելով հանդիպման ընթացքից՝ կարելի՞ է ասել, որ ոչ-ոքին օրինաչափ արդյունք էր։
— Այո, արդյունքը համապատասխանում է խաղին։ Հանդիպումը հավասար պայքարում անցավ։ Մենք մի քանի գոլային պահ ունեցանք, բայց մրցակիցն էլ իր հնարավորություններն ուներ։ Ուստի, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, հաշիվը համապատասխանում է խաղի ընթացքին։
— Այսօր մարզադաշտում շատ երկրպագուներ կային, և հյուրերի համար մթնոլորտը հեշտ չէր։ Բացի այդ, մեկ շաբաթ առաջ դուք ևս արտագնա եվրագավաթային հանդիպում էիք անցկացրել «Ցելյեի» դեմ։ Այս ամենն ազդեցություն ունեցա՞վ թիմի խաղի վրա։
— Ընդհանուր առմամբ ես շատ բարձր եմ գնահատում թիմի խաղը։ Նախորդ եվրագավաթային հանդիպումներից ստացած փորձը մեզ օգնեց։ Այժմ պետք է վերլուծենք մեր խաղը, որպեսզի պատասխան հանդիպմանը հանդես գանք ավելի լավ։
Մենք լավ էինք պատրաստվել այս հանդիպմանը, վերլուծել էինք մրցակցին, և դա օգնեց մեզ մի քանի գոլային պահ ստեղծել։ Բոլորը տեսան, թե որքան ուժեղ թիմ է մեր մրցակիցը, ուստի կարծում եմ՝ մենք լավ կատարեցինք մեր աշխատանքը։
— Դուք Բենի Դիաշին փոխարինեցիք հարձակվող Կառլոս Ֆրանսայով։ Դրանից հետո խաղային սխեման փոխվե՞ց։
— Ոչինչ չփոխվեց։ Զիդան Բանժակին պարզապես տեղափոխվեց կիսապաշտպանի դիրք, քանի որ նա լավ է տիրապետում գնդակին։ Բենին շատ էր հոգնել։
Շատ կարևոր էր խաղադաշտ դուրս բերել Ֆրանսային՝ հաշվի առնելով նրա արագությունը։ Նա մեզ օգնեց ոչ միայն հարձակման, այլև պաշտպանության ժամանակ։ Եզրում մեզ թարմ ֆուտբոլիստ էր անհրաժեշտ։
— Ուգո Օլիվեյրան հիանալի հանդիպում անցկացրեց, սակայն փոխարինվեց։ Դա վնասվածքի՞ հետ էր կապված։
— Այո, Ուգոն իսկապես հիանալի խաղաց և այժմ լավ մարզավիճակում է։ Նրան փոխարինեցինք հոգնածության պատճառով, որևէ վնասվածք չունի։
— Այս հանդիպումից հետո կարելի՞ է ասել, որ այժմ «Արարատ-Արմենիան» զույգի ֆավորիտն է։
— Մենք երբեք նման մտքերով չենք մոտենում հանդիպումներին և չենք մտածում, թե ով է ֆավորիտը։ Կրայովայում հիանալի ֆուտբոլային մթնոլորտ էր։ Հուսով եմ՝ Երևանում նույնպես այդպես կլինի, և երկրպագուների աջակցությունը կօգնի մեզ անցնել հաջորդ փուլ։
Մենք այս հանդիպմանը դուրս էինք եկել հաղթելու համար, բայց խաղը ցույց տվեց, որ թիմերը մոտավորապես հավասար են, իսկ վերջնական հաշիվն արդարացի էր։
— Այն հանգամանքը, որ գլխավոր մարզիչը հանդիպմանը հետևում էր տրիբունայից, ազդեցություն ունեցա՞վ թիմի վրա։
— Այո, իհարկե։ Նա մեր առաջնորդն է, ուստի նրա բացակայությունը պահեստայինների նստարանից ազդեց մեզ վրա։ Բայց մենք կապի մեջ էինք։ Մենք նույնպես թիմի մի մասն ենք, պետք է կատարենք մեր աշխատանքը և փորձեցինք հնարավորինս օգնել ֆուտբոլիստներին։
— Այսօր Արթուր Սերոբյանը գործնականում պաշտպանի դեր էր կատարում՝ խաղալով լատերալի դիրքում, ինչի պատճառով հարձակման գծում ավելի քիչ էր աչքի ընկնում։ Որքանո՞վ դա ազդեց նրա խաղի և թիմի արդյունքի վրա։
— Առաջին հերթին պետք է ասել, որ Սերոբյանը հիանալի հանդիպում անցկացրեց։ Որոշակի առումով նա զոհաբերեց իր հարձակողական խաղը, քանի որ թիմը պաշտպանության ժամանակ նրա օգնության կարիքն ուներ։
Մենք դա ի սկզբանե պլանավորել էինք, և ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ցանկանում էինք։ Բացի այդ, մրցակիցը ստիպում էր նրան ավելի խորը նահանջել պաշտպանություն։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ հանդիպումից առաջ որոշակի առաջադրանք է ստանում, և Սերոբյանը կատարելապես կատարեց իրենը։
Իհարկե, երբ մենք տիրում էինք գնդակին, չէինք կարող լիարժեք օգտագործել նրա հարձակողական ներուժը, բայց հասկանում էինք, որ հանդիպումը կարող է հենց այսպիսի ընթացք ունենալ։ Այդ պատճառով գոհ ենք նրա ելույթից։