Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի Մ20 չեմպիոն՝ մրցակցուհուն գերազանցելով ընդամենը 1 կգ-ով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ծանրորդ Էմմա Պողոսյանը (86 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 2026 թվականի մինչև 20 տարեկանների (Մ20) առաջնությունում։ Մեծահասակների Եվրոպայի գործող չեմպիոնուհին ևս մեկ անգամ հաստատել է իր բարձր կարգը՝ երկամարտի 249 կգ արդյունքով դառնալով մրցաշարի հաղթող։
Պոկում վարժությունում Պողոսյանը հաջողությամբ կատարել է առաջին երկու մոտեցումները՝ բարձրացնելով 105 և 109 կգ։ Երրորդ մոտեցումը՝ 112 կգ, անհաջող է եղել։ 109 կգ արդյունքով Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է երկրորդ տեղը և նվաճել փոքր արծաթե մեդալ՝ երեք կիլոգրամով զիջելով վրացուհի Մարիամ Մուրգվիլիանիին։
Հրում վարժությունում հայ մարզուհին անթերի ելույթ է ունեցել՝ հաջողությամբ կատարելով բոլոր երեք մոտեցումները՝ 130, 135 և 140 կգ։ Հենց վերջին մոտեցումն էլ Պողոսյանին ապահովել է փոքր ոսկե մեդալը և թույլ տվել բարձրանալ երկամարտի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։
Չեմպիոնական տիտղոսի համար պայքարը չափազանց լարված է ստացվել։ Պողոսյանը երկամարտում գրանցել է 249 կգ արդյունք՝ ընդամենը մեկ կիլոգրամով գերազանցելով Մուրգվիլիանիին (248 կգ)։ Բրոնզե մեդալը նվաճել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Միննի Հորմարվիտան (235 կգ)։
Ծանրամարտի Եվրոպայի Մ20 առաջնության արդյունքները (կանայք, 86 կգ)
-
Էմմա Պողոսյան (Հայաստան) — 249 կգ (109+140)
-
Մարիամ Մուրգվիլիանի (Վրաստան) — 248 կգ (112+136)
-
Միննի Հորմարվիտա (Ֆինլանդիա) — 235 կգ (100+135)
Այսպիսով, Էմմա Պողոսյանը Հայաստանի հավաքականի մեդալների հաշվեկշիռը համալրել է երեք պարգևով՝ երկամարտի և հրում վարժության ոսկե, ինչպես նաև պոկում վարժության փոքր արծաթե մեդալներով։
Չեմպիոնուհու պարգևատրման արարողությանը մասնակցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։