SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էլիզաբեթ Աբրահամյանը սենսացիոն հաղթանակով դարձավ սեղանի թենիսի Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով պատմական ռեկորդ


Էլիզաբեթ Աբրահամյանը սենսացիոն հաղթանակով դարձավ սեղանի թենիսի Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով պատմական ռեկորդ
Այլ սպորտաձևեր

Հայկական ծագմամբ, Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլիզաբեթ Աբրահամյանը նվաճել է սեղանի թենիսի 2026 թվականի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։ Առաջնությունն ավարտվել է հոկտեմբերի 18-ին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում։

23-ամյա մարզուհին պատմական նվաճման է հասել՝ դառնալով Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ կանանց մենախաղի առաջին հաղթողը, որն իր մրցելույթները սկսել է որակավորման փուլից։ Հատկանշական է, որ մրցաշարի մեկնարկից առաջ Աբրահամյանը դասակարգված էր ընդամենը 35-րդ համարի ներքո և չէր համարվում գլխավոր ֆավորիտներից մեկը։

Եզրափակիչում Էլիզաբեթի մրցակիցը Գերմանիայի 20-ամյա ներկայացուցիչ Անետ Կաուֆմանն էր։ Լարված պայքարում անցած հանդիպումը տևել է յոթ խաղափուլ և ավարտվել հայկական ծագմամբ մարզուհու հաղթանակով՝ 4:3 (15:13, 11:5, 5:11, 9:11, 12:10, 6:11, 11:6) հաշվով։

Հանդիպման վճռորոշ պահերից մեկը հինգերորդ խաղափուլն էր, երբ Կաուֆմանը հաղթում էր 10:8 հաշվով, սակայն Աբրահամյանին հաջողվեց փրկել երկու խաղափուլային միավոր և հաղթել 12:10 հաշվով։ Վեցերորդ խաղափուլում պարտվելուց հետո Էլիզաբեթը կարողացավ վերագտնել իր խաղը և վստահորեն անցկացրեց որոշիչ խաղափուլը՝ հաղթելով 11:6 հաշվով։

Ոչ պակաս դրամատիկ էր նաև կիսաեզրափակիչ հանդիպումը Ֆրանսիայի ներկայացուցիչ Պրիթիկա Պավադի դեմ։ Աբրահամյանը խաղափուլերով զիջում էր 2:3 հաշվով և կանգնած էր պարտության եզրին, սակայն կարողացավ փրկել մրցակցի մրցախաղային միավորը և հաղթանակ տոնել 4:3 հաշվով։ Վճռորոշ խաղափուլն ավարտվեց 13:11 հաշվով։

Եզրափակիչից հետո Եվրոպայի նորընծա չեմպիոնուհին խոստովանել է, որ անցկացրել է, հավանաբար, իր կարիերայի լավագույն հանդիպումը։ Մարզուհու խոսքով՝ պայքարը չափազանց բարդ էր ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առումով։

Հետաքրքիր է, որ Աբրահամյանն ու Կաուֆմանը ընկերություն են անում դեռ պատանեկան տարիներից։ Դեռ եզրափակիչից առաջ գերմանացի թենիսիստուհին շնորհավորել էր Էլիզաբեթին հաջող ելույթների կապակցությամբ և հույս հայտնել, որ նրանք կհանդիպեն եզրափակիչում։

Աբրահամյանի ճանապարհը դեպի պատմական ոսկե մեդալ բարդացել էր նաև մարզական ասպարեզից դուրս առաջացած խնդիրների պատճառով։ Առաջնությունից առաջ նա ստիպված էր հաղթահարել վնասվածքը, վիզայի հետ կապված դժվարությունները և ճանապարհորդության ընթացքում ուղեբեռի կորուստը։

Չնայած բոլոր խոչընդոտներին՝ Էլիզաբեթ Աբրահամյանն ավարտեց մրցաշարը ոսկե մեդալով և իր անունը գրեց եվրոպական սեղանի թենիսի պատմության մեջ։

Սեղանի թենիսի եվրոպական միության (ETTU) տվյալներով՝ արծաթե մեդալը նվաճել է Անետ Կաուֆմանը, իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել Պրիթիկա Պավադը (Ֆրանսիա) և Նինա Միտելհամը (Գերմանիա)։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։