Դուռը դեպի հիմնական կազմ բաց է․ Ստյոփա Մկրտչյանը մեծ շանս է ստանում «Նյուրնբերգում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նյուրնբերգի» հիմնական կենտրոնական պաշտպաններն այս ամռանը լքել են թիմը և կարիերան կշարունակեն Բունդեսլիգայի ակումբներում։
Վրացի պաշտպան Լուկա Լոչոշվիլին 4,9 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Կյոլն», իսկ թիմի ավագ Ֆաբիո Գրուբերը դարձել է «Մայնցի» ֆուտբոլիստ։ Պերուացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 միլիոն եվրո։
Այս հեռացումների ֆոնին Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը իրական հնարավորություն է ստանում ամրապնդվելու Երկրորդ Բունդեսլիգայի ակումբի կազմում։
«Նյուրնբերգը» թարմացնում է պաշտպանության կենտրոնը
Միրոսլավ Կլոզեի թիմն արդեն պայմանագիր է կնքել երկու նոր կենտրոնական պաշտպանների հետ։ Ակումբ է տեղափոխվել 24-ամյա գերմանացի Ֆինն Օտտոն Երրորդ լիգայից, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո։ «Նյուրնբերգը» նաև ուժեղացրել է կազմը «Օլիմպիակոսից» տեղափոխված 21-ամյա հույն պաշտպան Ալեքսիոս Կալոգերոպուլոսով։ Նրա արժեքը գնահատվում է 1,5 միլիոն եվրո։
Եթե իրավիճակը չփոխվի, նոր մրցաշրջանում «Նյուրնբերգի» կենտրոնական պաշտպանների հիմնական զույգը կարող են կազմել Ստյոպա Մկրտչյանն ու Ալեքսիոս Կալոգերոպուլոսը։ Առաջին հայացքից սա բավական երիտասարդ և ոչ ամենափորձառու զույգ է, սակայն հեռանկարային ֆուտբոլիստների վրա նման շեշտադրումը լիովին համապատասխանում է «Նյուրնբերգի» ոճին։
Շանս Հայաստանի հավաքականի պաշտպանի համար
Մկրտչյանի համար առաջիկա մրցաշրջանը կարող է դառնալ կարիերայի կարևորագույն փուլերից մեկը։ Լոչոշվիլիի և Գրուբերի հեռանալուց հետո մրցակցությունը պաշտպանության կենտրոնում փոխվել է, իսկ հայ պաշտպանի համար կայուն խաղային պրակտիկա ստանալու հնարավորություն է առաջացել։
Եթե Ստյոպան կարողանա ամրապնդվել «Նյուրնբերգի» հիմնական կազմում և ուժեղ մրցաշրջան անցկացնել Երկրորդ Բունդեսլիգայում, դա կարող է նրա համար լուրջ քայլ առաջ դառնալ։ Հեռանկարում Գերմանիայում հաջող ելույթները կարող են Հայաստանի հավաքականի պաշտպանի առաջ բացել ճանապարհը դեպի Բունդեսլիգայի ակումբ արդեն առաջիկա 2-3 մրցաշրջանների ընթացքում։
Մկրտչյանը «Նյուրնբերգ» է տեղափոխվել 2026 թվականի ձմռանը խորվաթական «Օսիեկից»՝ 800 հազար եվրոյի դիմաց։ Նախորդ մրցաշրջանում 23-ամյա հայ ֆուտբոլիստը մասնակցել է երեք հանդիպման, իսկ մրցաշրջանի վերջնամասում վնասվածք է ստացել։ Այժմ նա արդեն ապաքինվել է և պատրաստվում է 2026/27 մրցաշրջանի մեկնարկին։