Դավիթ Կիրակոսյանը կարիերան կշարունակի Կոստրոմայի «Սպարտակում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երիտասարդական հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Դավիթ Կիրակոսյանը կարիերան կշարունակի Կոստրոմայի «Սպարտակում»։
Ակումբները համաձայնության են հասել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների վաճառքի շուրջ։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում։
Կիրակոսյանը պատրաստություն է անցել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ակադեմիայում և «Սոչիի» երիտասարդական թիմում։ Պրոֆեսիոնալ մակարդակում կիսապաշտպանը հանդես է եկել «Սոչիում», Կուրսկի «Ավանգարդում», ինչպես նաև հայկական «Վանում» և «Ալաշկերտում»։
Անցած մրցաշրջանում Կիրակոսյանը Հայաստանի առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստը նաև չորս հանդիպում է անցկացրել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում։