Բարելլան՝ Մխիթարյանի մասին. «Նա գինու պես է՝ տարիների հետ միայն ավելի լավն է դառնում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան բարձր է գնահատել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի խաղը Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակից հետո՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երրորդ տուրում։
Հանդիպումը կայացել է հոկտեմբերի 21-ին Միլանի «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում։ 37-ամյա հայ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին և ընդամենը երկու րոպե անց գոլային փոխանցում կատարել Կառլոս Աուգուստոյին, որը խփել է հանդիպման միակ գոլը և «Ինտերին» պարգևել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում առաջին հաղթանակը։
Հանդիպումից հետո Բարելլան ընդգծել է Մխիթարյանի պրոֆեսիոնալիզմն ու խաղային բարձր մակարդակը՝ նշելով, որ հայ կիսապաշտպանը շարունակում է մեծ օգուտ տալ թիմին՝ չնայած խաղաժամանակի կրճատմանը։
«Կարծում եմ՝ նա գինու պես է. տարիների հետ միայն ավելի լավն է դառնում։ Ես կարող եմ միայն շնորհավորել և շնորհակալություն հայտնել նրան, քանի որ նա սովոր է մշտապես խաղադաշտ դուրս գալ մեկնարկային կազմում, իսկ այժմ, երբ ավելի քիչ է խաղում, նրա՝ փոխարինման դուրս գալը վճռորոշ նշանակություն է ունենում, և նա կարողանում է ցույց տալ իր լավագույն խաղը», — ասել է Բարելլան։
Նշենք, որ «Շախտյորի» դեմ հանդիպումն առանձնահատուկ նշանակություն ուներ Մխիթարյանի համար։ Հայ ֆուտբոլիստը դոնեցկյան ակումբում հանդես է եկել 2010-2013 թվականներին, որից հետո կարիերան շարունակել է Դորտմունդի «Բորուսիայում»։
Ուկրաինական թիմի նկատմամբ հաղթանակի շնորհիվ «Ինտերը» վաստակել է իր առաջին երեք միավորը Չեմպիոնների լիգայում՝ մրցաշարի մեկնարկում կրած երկու պարտություններից հետո։