Ալինա Չարաևան սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետ Ռիբակինայի նկատմամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան գրանցեց իր կարիերայի խոշորագույն հաղթանակներից մեկը։ WTA-ի վարկանիշային աղյուսակում 118-րդ տեղը զբաղեցնող 24-ամյա թենիսիստուհին Պեկինում ընթացող WTA 1000 մրցաշարի երկրորդ շրջանում հաղթեց աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինային։
Չարաևան պարտվեց առաջին սեթում, սակայն կարողացավ փոխել հանդիպման ընթացքը և կամային հաղթանակ տոնեց երեք սեթում՝ 3:6, 6:4, 6:3 հաշվով։
Ռիբակինայի համար սա առաջին հանդիպումն էր աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում։ Ղազախստանի ներկայացուցիչը գլխավորել էր WTA-ի դասակարգման աղյուսակը US Open-ում հաղթելուց հետո, սակայն նոր կարգավիճակում իր առաջին հանդիպումը հաղթանակով սկսել չկարողացավ։
Հանդիպումից հետո Չարաևան չէր թաքցնում իր հույզերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եռակի չեմպիոնուհու նկատմամբ տարած հաղթանակից հետո։
«Ես բառեր չունեմ։ Սա անհավանական է։ Նա հիանալի թենիսիստուհի է, և ինձ համար սա կարծես իրականացած երազանք լինի», — ասել է Չարաևան։
Հայաստանի ներկայացուցիչը նաև նշել է, որ ուրախ է Պեկինում ևս մի քանի օր մնալու հնարավորության համար՝ ավելացնելով. «Կարծում եմ՝ երբեք չպետք է դադարել հավատալ»։
Այս հաղթանակի շնորհիվ Չարաևան դուրս եկավ China Open-ի 1/16 եզրափակիչ։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի Մեծ Բրիտանիան ներկայացնող Սոնայ Քարթալը, որը WTA-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 129-րդ տեղը։
Չարաևայի համար սա Պեկինի մրցաշարում առաջին մասնակցությունն է, և արդեն երկրորդ հանդիպման ընթացքում նա գրանցեց իր կարիերայի ամենահնչեղ հաղթանակներից մեկը։