Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին և դարձել Total Chess World Championship 2026-ի իր խմբի միանձնյա առաջատարը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սենսացիոն հաղթանակ է տարել աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ Բուդապեշտում (Հունգարիա) ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 միջազգային շախմատային մրցաշարի երրորդ տուրում։
Նոյեմբերի 13-ին Մարտիրոսյանը մրցաշարի խմբային փուլի շրջանակում մրցել է նորվեգացի գրոսմայստերի հետ։ Առաջին պարտիայում հայ շախմատիստը, խաղալով սպիտակ խաղաքարերով, կարողացել է հաղթել շախմատի պատմության ուժեղագույն խաղացողներից մեկին։ Երկրորդ պարտիայում Մարտիրոսյանը սև խաղաքարերով հասել է ոչ-ոքիի։
Այսպիսով, երկու պարտիաների արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը վաստակել է հնարավոր վեց միավորից չորսը։ Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ հաղթանակի համար շնորհվում է երեք միավոր, իսկ ոչ-ոքիի համար՝ մեկ։
Երեք տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը 10 միավորով միանձնյա գլխավորում է C խումբը՝ առաջ անցնելով նիդեռլանդցի Անիշ Գիրիից, որն ունի ինը միավոր։ Յան Նեպոմնյաշչին և Շահրիյար Մամեդյարովը վաստակել են յոթական միավոր։
Հատկանշական է, որ առաջին երկու տուրերում Մարտիրոսյանը մեկական հաղթանակ և պարտություն էր գրանցել Շահրիյար Մամեդյարովի և Անիշ Գիրիի հետ հանդիպումներում, իսկ այժմ կարողացել է առավելության հասնել նաև Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Չորրորդ տուրում՝ նոյեմբերի 14-ին, Մարտիրոսյանը կմրցի Յան Նեպոմնյաշչիի հետ։ Ռուս գրոսմայստերը երկու անգամ հավակնել է աշխարհի չեմպիոնի կոչմանը՝ մասնակցելով 2021 և 2023 թվականների աշխարհի առաջնության չեմպիոնական մրցախաղերին։
Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարն անցկացվում է Բուդապեշտում՝ 24 շախմատիստների մասնակցությամբ։ Մրցաշարը ներառում է մի քանի մրցակարգ, իսկ խմբային փուլում մասնակիցները յուրաքանչյուր մրցակցի դեմ անցկացնում են երկու պարտիա՝ փոխելով խաղաքարերի գույնը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0