Nair Melikyan Wins GAMMA FC BAD BOY BELT Championship
- Author: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարզիկ Նաիր Մելիքյանը դարձել է վրացական GAMMA FC կազմակերպության BAD BOY BELT չեմպիոնական գոտու տերը՝ հաղթանակ տանելով մերկ բռունցքներով մենամարտում։
Տիտղոսային մենամարտում Մելիքյանի մրցակիցը Ուզբեկստանը ներկայացնող բռնցքամարտիկ Սամանդար Էնիբաևն էր։ Մենամարտը ստացվեց չափազանց մրցակցային և կոշտ։ Երկու մարզիկներն էլ ցուցադրեցին բարձր տեմպ և մարտական բնավորություն, իսկ դիմակայության արդյունքում հաղթանակը տոնեց Մելիքյանը։
Մենամարտից հետո հայ մարզիկը հարգանքի խոսքեր է ուղղել մրցակցին՝ ընդգծելով մարզական փոխադարձ հարգանքի կարևորությունը։
«Մեծ հարգանք Ուզբեկստանը ներկայացնող իմ մրցակցին։ Ռինգում տվեցինք թեժ մենամարտ, իսկ հետո ցույց տվեցինք իսկական մարզական հարգանք։ Ով հարգում է իմ երկիրն ու դրոշը, ես հարգում եմ իրեն և իր դրոշը։ Սպորտը միավորում է իսկական տղամարդկանց», — ասել է Մելիքյանը։
Սա Նաիր Մելիքյանի առաջին խոշոր հաջողությունը չէ մերկ բռունցքներով մենամարտերում։ Ավելի վաղ նա դարձել էր GAMA-ի մերկ բռունցքներով Գրան պրիի հաղթող։
Մինչև 2023 թվականը Մելիքյանը ակտիվորեն հանդես էր գալիս խառը մենամարտերում։ Պրոֆեսիոնալ MMA-ում նրա ռեկորդը կազմում է 14 հաղթանակ և 2 պարտություն։ Իր կարիերայի որոշակի փուլում նա նաև դիտարկվում էր որպես մարզիկ, որը կարող էր շարունակել ելույթները UFC-ում։
2023 թվականից հետո Մելիքյանը կենտրոնացել է հարվածային մարզաձևերի վրա և հանդես է գալիս քիքբոքսինգում, բռնցքամարտում և մերկ բռունցքներով մենամարտերում։ Այժմ նրա նվաճումների շարքում է նաև GAMMA FC-ի BAD BOY BELT չեմպիոնական գոտին։