Վբեյմար Անգուլոն անցկացրել է հոբելյանական 50-րդ հանդիպումը Ինդոնեզիայի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն «Մալյուտ Յունայթեդ» ակումբի կազմում հասել է Ինդոնեզիայի առաջնությունում անցկացրած 50 հանդիպման սահմանագծին։
Transfermarkt-ի տվյալներով՝ սա ակումբի պատմության մեջ երկրորդ արդյունքն է։ Ռեկորդը պատկանում է Ֆրեց Բուտուանին, ով անցկացրել է 51 հանդիպում։ Միևնույն ժամանակ, խաղադաշտում անցկացրած րոպեների քանակով Անգուլոն «Մալյուտ Յունայթեդ»-ի անվիճելի առաջատարն է։
33-ամյա կիսապաշտպանը 2024 թվականին «Արարատ-Արմենիա» ակումբից տեղափոխվել է ինդոնեզական ակումբ։ Ինդոնեզիայի առաջնությունում հանդես գալու ընթացքում նա բաց է թողել միայն մեկ հանդիպում՝ որակազրկման պատճառով։ Մնացած բոլոր 50 խաղերում Անգուլոն հանդես է եկել մեկնարկային կազմում և ընդամենը վեց անգամ է փոխարինվել խաղի ընթացքում։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Անգուլոն անցկացրել է 10 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ։ Կոլումբիացին Հայաստանի առաջնությունում հանդես է եկել 2015-ից 2024 թվականներին, իսկ 2020 թվականին, երկրում հինգ տարի բնակվելուց հետո, ստացել է հայկական անձնագիր և սկսել է հանդես գալ ազգային հավաքականի կազմում։ Վերջին անգամ նա հրավիրվել է Հայաստանի հավաքական 2023 թվականին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0