Երևանում մեկնարկել է Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի շինարարությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Ներքին Չարբախ թաղամասում, պաշտոնապես մեկնարկել է նոր մարզական կառույցի՝ Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի շինարարությունը։ Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և Sportworld հիմնադրամի սերտ համագործակցությամբ, որի հովանավորն է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (47–6)։
Ապագա մարզական կենտրոնը կդառնա շրջանի կարևորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկը։ Նախաձեռնողների մտահղացմամբ՝ համալիրն ուղղված կլինի ինչպես պրոֆեսիոնալ մարզիկներին, այնպես էլ սպորտում առաջին քայլերն անող երեխաներին և երիտասարդությանը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի բռնցքամարտի զարգացմանը, սակայն ենթակառուցվածքները հնարավորություն կտան անցկացնել մարզումներ նաև այլ մենամարտային մարզաձևերի և ընդհանուր ֆիզիկական պատրաստության ուղղությամբ։
Նախագծի նախաձեռնողները ընդգծում են, որ համալիրի կառուցումը ոչ միայն ներդրում է մարզական ենթակառուցվածքների զարգացման մեջ, այլև կարևոր քայլ է Ներքին Չարբախի սոցիալական առաջընթացի համար։ Նոր կենտրոնը կստեղծի լրացուցիչ հնարավորություններ երիտասարդների ակտիվ ժամանցի, առողջ ապրելակերպի խթանման և քաղաքային ու միջազգային մրցաշարերի կազմակերպման համար։
Արթուր Աբրահամը, որի անունը կկրի համալիրը, բազմիցս հայտարարել է Հայաստանում սպորտի զարգացմանն աջակցելու իր ցանկության մասին։ Նրա խոսքով՝ Երևանի վարչական շրջաններից մեկում ժամանակակից մարզական միջավայրի ստեղծումը հնարավորություն կտա երիտասարդ մարզիկներին բացահայտել իրենց ներուժը և հասնել բարձր արդյունքների համաշխարհային ասպարեզում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0