Հայաստանի մի շարք մարզիկների շնորհվել են մարզական կոչումներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում մի շարք մարզիկների շնորհվել են մարզական կոչումներ։ Պարգևատրման արարողությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։
«ՀՀ սպորտի վարպետ» կոչման են արժանացել հունահռոմեական ոճի ըմբիշ Մարատ Աճեմյանը, լողորդներ Գոռ Խեչումյանը, Անահիտ Մուրադյանը, Մարգարիտա Գևորգյանը և Ազատ Բաբուջյանը, սամբիստներ Արշակ Բեկչյանը և Գոռ Շատվերյանը, գնդակային հրաձգության ներկայացուցիչներ Մարի Ղազարյանը և Համլետ Կարենյանը, մարմնամարզիկներ Օֆելյա Քոչարյանը, Ժաննա Թևոսյանը և Շեքսպիր Գևորգյանը, ինչպես նաև բռնցքամարտիկներ Դավիթ Եգորյանը և Հարություն Հակոբկոխյանը։
«Միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչում է շնորհվել ծանրամարտիկներ Ջուլիետա Ավանեսյանին, Ժորա Գրիգորյանին և Մերուժան Եղոյանին, ազատ ոճի ըմբիշ Լևիկ Միքայելյանին, սամբիստներ Մհեր Օհանյանին և Արթուր Մալխասյանին։
Շնորհավորելով պարգևատրված մարզիկներին՝ Հասմիկ Ավագյանն ընդգծել է նրանց մեծ նվիրումն ու նպաստը Հայաստանի հեղինակության բարձրացման գործում միջազգային հարթակներում։ Նա նշել է, որ ստացված կոչումները մարզական ճանապարհի ընդամենը մի փուլ են․
«Վստահ եմ, որ դուք շարունակելու եք նույն նվիրվածությամբ պաշտպանել մեր երկրի պատիվը թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Ձեր այսօրվա հաջողությունները երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք են։ Հավատում եմ, որ ձեր նպատակասլացության և ջանքերի շնորհիվ դուք կհասնեք ձեր բաղձալի նպատակներին», – ասել է փոխնախարարը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել մարզիչներին՝ կարևորելով նրանց դերը մարզիկների կայացման և հաղթանակների գործում։
Ի պատասխան՝ մարզիկներն ու մարզիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և գնահատանքի համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0