«Ուրարտուն» պարտվեց «Լոկոմոտիվին» ընկերական հանդիպմանը
Երևանի «Ուրարտուն» 0:2 հաշվով պարտվեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» ընկերական հանդիպմանը՝ Դուբայում անցկացվող ուսումնամարզական հավաքի ընթացքում։
Ռուսական թիմի կազմում մեկական գոլ հեղինակեցին Վորոբյովը և Սամոշնիկովը՝ համապատասխանաբար առաջին և երկրորդ խաղակեսերում։
Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում դաշտում անցկացրեց 70 րոպե, իսկ Էդգար Սևիկյանը դուրս եկավ խաղադաշտ երկրորդ խաղակեսում։
Առաջին խաղակեսը լիովին անցավ «Լոկոմոտիվի» վերահսկողության տակ, և «Ուրարտուն» չկարողացավ վտանգավոր պահեր ստեղծել հարձակման գծում։ Երկրորդ խաղակեսում երևանյան թիմը զգալիորեն բարելավեց իր խաղը, և հանդիպումն ավելի հավասար ընթացք ստացավ։ «Ուրարտուի» կազմում լավ հնարավորություններ ունեցան 17-ամյա Դավիթ Հարությունյանը և թիմի բրազիլացի նորեկ Բրունո Միշելը։
Բացի այդ, «Ուրարտուի» կազմում փորձաշրջան անցան երեք ֆուտբոլիստներ։ Նրանցից մեկը Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանն է, իսկ մյուս երկուսի անունները դեռևս հայտնի չեն։
Փետրվարի 11-ին «Ուրարտուն» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ այս անգամ չինական «Ժեցզյան» ակումբի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0