Վահան Բիչախչյանի մոտ «Լեգիայում» կլինի նոր մարզիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Վարշավայի «Լեգիան» հայտարարել է գլխավոր մարզիչ Էդվարդ Յորդանեսկուի հետ համագործակցության դադարեցման մասին։ Ռումինացի մասնագետի պայմանագիրը լուծարվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ հոկտեմբերի 31-ին։
«Մենք հանդիպեցինք Յորդանեսկուի հետ և համատեղ որոշում ընդունեցինք համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ։ Վերլուծելով արդյունքները՝ հանգեցինք այն եզրակացության, որ ներկայիս իրավիճակում թիմին անհրաժեշտ են փոփոխություններ, որոնք կօգնեն լիովին իրացնել ներուժը և հասնել դրված նպատակներին», — ասել է «Լեգիայի» սպորտային տնօրեն Միխալ Ժևլյակովը։
Յորդանեսկուն գլխավորեց «Լեգիան» 2025 թվականի հունիսին։ Նրա ղեկավարության տակ թիմը հաղթեց Լեհաստանի Սուպերգավաթը և դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ։ Ակումբը շնորհակալություն է հայտնել մասնագետին կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։
Նոր գլխավոր մարզիչի նշանակմանն ընդառաջ՝ թիմի ղեկավարի պարտականությունները կկատարի օգնական Ինյակի Աստիսը։ Յորդանեսկուի հետ ակումբը լքել են նաև նրա շտաբի անդամները՝ Ալեքսանդրու Ռադուն, Բոգդան Մերիշանուն և Միկելե Յաննուչին։
Լեհաստանի առաջնության 12 տուրից հետո «Լեգիան» զբաղեցնում է 10-րդ տեղը՝ 16 միավորով։ Կոնֆերենցիաների լիգայում թիմը ներկայում 18-րդ տեղում է՝ 3 միավորով՝ երկու տուրից հետո, իսկ Լեհաստանի գավաթում նախօրեին դուրս է մնացել 1/16 եզրափակչում՝ պարտվելով «Պոգոնին»։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Յորդանեսկուի օրոք մշտապես խաղաժամանակ էր ստանում՝ հանդես գալով թե՛ աջ թևում, թե՛ հարձակվողական կիսապաշտպանի դիրքում։ Այս մրցաշրջանում նա արդեն անցկացրել է 20 խաղ, խփել է 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայում «Լեգիան» դեկտեմբերի 11-ին Երևանում կմրցի հայկական «Նոա»-ի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0