Ստյոպա Մկրտչյանը նորամուտն է նշել Երկրորդ Բունդեսլիգայում «Նյուրնբերգի» կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը անցկացրել է իր առաջին հանդիպումը Երկրորդ Բունդեսլիգայում՝ «Նյուրնբերգի» կազմում։ 22-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում առաջնության 21-րդ տուրի խաղում՝ մրցաշարի առաջատարներից մեկի՝ «Պադերբորնի» դեմ։
Մկրտչյանը, որը գերմանական ակումբ է տեղափոխվել խորվաթական «Օսիեկից», կենտրոնական պաշտպանության գծում փոխարինել է որակազրկված Ֆաբիո Գրուբերին և զույգ կազմել Լուկա Լոչոշվիլիի հետ։ Միաժամանակ հայ պաշտպանն հանդես է եկել իր համար ոչ սովորական դիրքում՝ աջ կենտրոնական պաշտպանի դիրքում, մինչդեռ սովորաբար խաղում է ձախում՝ հաշվի առնելով, որ ձախլիկ է։
Դեբյուտային հանդիպումը Մկրտչյանի համար ստացվել է երկիմաստ։ Արդեն 26-րդ րոպեին նա խախտել է կանոնները սեփական տուգանային հրապարակում, ինչի հետևանքով նշանակվել է 11-մետրանոց «Նյուրնբերգի» դարպասին։ Ընդհանուր առմամբ թիմը պարտվել է 1:2 հաշվով, իսկ 52-րդ րոպեից խաղացել է թվային փոքրամասնությամբ։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում Մկրտչյանը գործել է զգալիորեն ավելի վստահ և հուսալի։
Ստյոպա Մկրտչյանի վիճակագրությունը խաղում.
Խաղացած րոպեներ՝ 90+
Հարվածներ՝ 1
Ճշգրիտ փոխանցումներ՝ 30 (97%)
Վաստակած տուգանայիններ՝ 1
Գնդակի կորուստներ՝ 3
Գնդակի խլումներ՝ 2
Մաքրումներ՝ 6
Գնդակի վերադարձներ՝ 2
Հաղթած մենամարտեր՝ 1 / 4
Օդային մենամարտեր՝ 4 / 6
Խախտումներ՝ 1
Պենալտի սեփական դարպասին՝ 1
SofaScore գնահատական՝ 5,8
21 տուրից հետո «Նյուրնբերգը» զբաղեցնում է 9-րդ տեղը Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի փետրվարի 13-ին՝ «Կարլսրուհեի» դեմ։
Վաղը Երկրորդ Բունդեսլիգայում իր առաջին հանդիպումը «Այնտրախտ Բրաունշվայգի» կազմում կանցկացնի Գրանդ-Լեոն Ռանոսը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0