Արաս Օզբիլիսի խոսքերը Երևանում «Նոա» – «ԱԶ» հանդիպումից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կոնֆերենցիաների լիգայի «Նոա» (Երևան) – «ԱԶ» հանդիպումից առաջ Հայաստանի մայրաքաղաք էին ժամանել նիդեռլանդացի լրագրողներ։ ESPN-ի հիմնական զրուցակիցներից մեկը դարձավ Արաս Օզբիլիսը՝ «Այաքսի» սան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և այժմ «Ուրարտուի» մարզչի օգնական։
Օզբիլիսը, որը ազգային հավաքականում անցկացրել է 41 հանդիպում, կարիերան ավարտելուց հետո որոշեց մնալ Հայաստանում՝ նպաստելու տեղական ֆուտբոլի զարգացմանը։
«Ես ուզում էի ինչ-որ բան տալ Հայաստանին, գուցե հենց այն պատճառով, որ ծնվել եմ Թուրքիայում և մեծացել Նիդեռլանդներում»։
Նա խոստովանեց, որ փորձել է առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, սակայն բախվել է լուրջ խոչընդոտների։
«Գիտեի, որ դժվար է լինելու, բայց ուզում էի ցնցել համակարգը։ Ժողովուրդը աջակցում էր, սակայն ակումբները ընտրեցին գործող նախագահին։ Քաղաքական ազդեցությունը չափազանց մեծ էր։ Կումարությո՞ւն։ Այո, կարելի է այդպես ասել։ Գիտեի, որ դա կա, բայց չէի կարծում՝ այդքան մեծ չափերով»։
Դրանից հետո Օզբիլիսը կենտրոնացավ ակումբային համակարգում աշխատանքի վրա։ Մեկուկես տարվա ընթացքում նա օգնեց վերակազմակերպել «Ուրարտուի» ակադեմիան, ապա որոշեց սկսել լիարժեք մարզչական կարիերա։
«Ես ուզում էի կրկին ավելի մոտ լինել խաղադաշտին»։
Այժմ նա ստանում է մարզչական լիցենզիաներ և նպատակ ունի կառուցել լուրջ կարիերա։ Միաժամանակ չի բացառում ապագայում Նիդեռլանդներ վերադառնալու հնարավորությունը։
«Ես հաճախ լինում եմ Նիդեռլանդներում՝ հավաքականների խաղերի դադարների և արձակուրդների ընթացքում։ Պարտադիր չէ, որ ընդմիշտ մնանք այստեղ։ Հուսով եմ հնարավորինս շուտ ստանալ բոլոր մարզչական փաստաթղթերը և գուցե աշխատանքի անցնել Նիդեռլանդներում»։

Խոսելով «Նոա» – «ԱԶ» առաջիկա հանդիպման մասին՝ Օզբիլիսը նշեց հայկական ֆուտբոլի ներուժը։
«Հայաստանում ֆուտբոլը զարգանում է և հասնում է մրցակիցներին։ «ԱԶ»-ի համար հանդիպումը հեշտ չի լինի։ Նրանք պետք է հաշվի առնեն թռիչքը, ժամային տարբերությունը և բարձրությունը։ Նման խաղերում հանդիսատեսը կարող է իսկապես գործոն դառնալ։ Սակայն, անկեղծ ասած, «ԱԶ»-ը մեկ մակարդակ բարձր է»։
Երևանում կայանալիք հանդիպումը կարևոր փորձություն կլինի երկու թիմերի համար և հերթական հնարավորություն՝ ցույց տալու հայկական ֆուտբոլի առաջընթացը եվրոպական ասպարեզում։
Այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի «Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում կընդունի Նիդեռլանդների «ԱԶ»-ին։ Սա եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլում հայկական ակումբային ֆուտբոլի պատմության առաջին հանդիպումն է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0