Սլավիկ Գալստյանը կպայքարի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ) շարունակում է պահել մեդալի հավակնությունը 2025 թվականի Zagreb-ում անցկացվող աշխարհի առաջնությունում։
28-ամյա մարզիկը մրցաշարը սկսեց վստահ հաղթանակով՝ 10:1 հաշվով պարտության մատնելով ղազախ Դին Մուխումել Քոշկարին, ապա 9:3 հաշվով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող եզդի ըմբիշ Գագիկ Սնջոյանի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Գալստյանի մրցակիցը դարձավ Ադրբեջանի երեքակի Եվրոպայի չեմպիոն Հասրաթ Ջաֆարովը։ Սուր պայքարում Գալստյանը պարտվեց նվազագույն՝ 4:3 հաշվով։
Ջաֆարովը հաղթեց նաև կիսաեզրափակչում ու դուրս եկավ եզրափակիչ, ինչի շնորհիվ Գալստյանը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար՝ մխիթարական մրցամարտերի միջոցով։
Վաղը նա կհանդիպի Նեյզեր Խիդալգո (Վենեսուելա) – Ցուցիկա Շիմոյամադա (Ավստրալիա) զույգի հաղթողի հետ։ Հաջողության դեպքում Գալստյանը բրոնզե մեդալի համար կարող է մրցել Ղրղզստանի ներկայացուցիչ Ռազզակ Բեյշեկեևի հետ։
Սեպտեմբերի 20-ին Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս եկան նաև Կարեն Ասլանյանը (63 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ), սակայն նրանք կանգ առան մրցաշարի սկզբնական փուլերում։
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանի հավաքականի ակտիվում կա մեկ մեդալ՝ ոսկե, որը նվաճել է Մալխաս Ամոյանը (77 կգ)։ Այսօր բրոնզի համար պայքարելու է նաև Հրաչյա Պողոսյանը (60 կգ)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0