Հայաստանի U19 հավաքականը տարավ պատմության մեջ ամենախոշոր հաղթանակը՝ 9:0
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2026/27 առաջնության ընտրական փուլի առաջին շրջանի երրորդ տուրում 9:0 հաշվով ջախջախեց Ջիբրալթարի հավաքականին։ Հանդիպումը կայացավ մարտի 30-ին Թուրքիայի Անթալիայում։
Հայկական թիմի կազմում աչքի ընկան ութ տարբեր ֆուտբոլիստներ։ Դուբլ գրանցեց «Փյունիկի» կիսապաշտպան Ժիրայր Աշիկյանը։ Մեկական գոլ խփեցին «Նոայի» խաղացողներ Մայքլ Ասիրյանը, Ալբերտ Գարեգինյանը և Դավիդ Դավթյանը։ Գոլերով աչքի ընկան նաև «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպաններ Հարություն Մովսիսյանը և Մարտուն Հովհաննիսյանը։ Լեգեոներներից գոլ խփեցին Դավիդ Բատոյանը («Ռոստով») և Դանիել Ամբարձումովը («Կրասնոդար»)։ Բացի այդ, Ամբարձումովը կատարեց երկու գոլային փոխանցում, ևս մեկ ասիստ գրանցեց Բատոյանը։
Երեք տուրերի արդյունքներով Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով Կոսովոյին։ Երեք խաղում Հայաստանի հավաքականը չկրեց ոչ մի պարտություն և գրանցեց իր պատմության ամենախոշոր հաղթանակը U19 մակարդակում։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2005 թվականին՝ 5:1 հաշվով հաղթանակ Հունգարիայի նկատմամբ։
Հայաստանը կարող էր զբաղեցնել առաջին տեղը, սակայն զուգահեռ խաղում Կոսովոն 3:1 հաշվով հաղթեց Թուրքիային։ Միևնույն ժամանակ հայկական թիմին բավարար էր միայն ոչ-ոքի՝ 0:0 կամ 1:1։
B2 խմբի աղյուսակ՝
- Կոսովո — 7
- Հայաստան — 5
- Թուրքիա — 4
- Ջիբրալթար — 0
Հայաստանի U19 հավաքականի կազմը այս խաղում՝
Արտեր Պետրոսյան — Արմեն Սուքիասյան (62, Մարտուն Հովհաննիսյան), Արթուր Մովսեսյան, Էդգար Պողոսյան, Դավիդ Դավթյան — Կիրիլ Եդիգարյան (54, Ալբերտ Գարեգինյան), Ժիրայր Աշիկյան (75, Աշոտ Ոսկանյան), Դավիդ Բատոյան (75, Հարություն Մովսիսյան) — Դանիել Ամբարձումով, Սարգիս Գասպարյան (46, Էդմոնդ Հայրապետյան), Մայքլ Ասիրյան։
Հայաստանի U19 հավաքականի բոլոր արդյունքները խմբում՝
- Կոսովո — Հայաստան 1:1
- Թուրքիա — Հայաստան 1:1
- Հայաստան — Ջիբրալթար 9:0
2026 թվականի աշնանը Հայաստանի U19 հավաքականը կրկին կմասնակցի B լիգային և խմբում հաղթելու դեպքում կանցնի ընտրական փուլի էլիտար շրջան։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0