Հայաստանի հավաքականը անցկացրեց առաջին մարզումը՝ Հունգարիա մեկնելուց առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 6-ին անցկացրեց առաջին մարզումը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում/ֆուտբոլի ակադեմիայում՝ 2026 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հունգարիայի և Իռլանդիայի դեմ հանդիպումներին նախապատրաստվելու շրջանակում։
Հավաքականին արդեն միացել են ֆուտբոլիստների մեծ մասը, իսկ Լուկաս Սելարայանը թիմին կմիանա անմիջապես Բուդապեշտում՝ հոկտեմբերի 10-ին։ Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Գրանտ-Լեոն Ռանոսը և Նաիր Տիկնիզյանը թիմին կմիանան հոկտեմբերի 7-ին։
Առաջին մարզման ընթացքում ՀՖՖ մամուլի ծառայությանը հարցազրույց տվեցին կիսապաշտպաններ Կարեն Մուրադյանը և Դավիթ Դավիդյանը, ովքեր վերադարձել են հավաքական կարճատև դադարից հետո և չեն մասնակցել որակավորման առաջին երկու տուրերին։
Կարեն Մուրադյան.
«Լավ ֆիզիկական վիճակում եմ։ Հավաքականում հրաշալի մթնոլորտ է։ Առջևում երկու բարդ արտագնա խաղեր են, և մենք պետք է հավատանք դրական արդյունքի ու անենք առավելագույնը հաղթանակի համար։ Մենք ունենք լավ ֆուտբոլիստներ, որոնք կարող են հասնել մեծ հաջողությունների»։
Դավիթ Դավիդյան.
«Արդեն աշխատել եմ Եղիշե Մելիքյանի հետ՝ նա հրաշալի մասնագետ է։ Նրան պետք է մի փոքր ժամանակ, որպեսզի թիմը դառնա առավել միասնական։ Նրա գլխավոր որակը ֆուտբոլիստներին զգալն է՝ հասկանալ նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Մեզ սպասվում են երկու դժվար մրցակից, բայց հավատում ենք, որ կարող ենք հաջողությամբ խաղալ նրանց դեմ և հասնել հաղթանակի»։
Հաջորդ մարզումները կանցկացվեն Երևանում, որից հետո թիմը կուղևորվի Բուդապեշտ։
Հոկտեմբերի 11-ին, ժամը 20:00-ին, Հայաստանի հավաքականը կխաղա Հունգարիայի հետ՝ ԱԱ-2026-ի որակավորման երրորդ տուրում, իսկ հոկտեմբերի 14-ին, ժամը 22:45-ին՝ Դուբլինում, կխաղա Իռլանդիայի հավաքականի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0