Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը պատերազմի պատճառով կբացակայի Աշխարհի գավաթի երրորդ փուլից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի տղամարդկանց սպորտային մարմնամարզության հավաքականը չի մասնակցի Աշխարհի գավաթի երրորդ փուլին, որը կմեկնարկի մարտի 12-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում։
Մրցաշարը բաց թողնելու պատճառը Իրանում ընթացող պատերազմն է, որի հետևանքով ազգային հավաքականը չի կարող ժամանակին վերադառնալ Կատարում անցկացվող ուսումնամարզական հավաքից։ Արդյունքում հայ մարմնամարզիկները ստիպված են բաց թողնել հեղինակավոր շարքի հերթական փուլը։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականը չի մասնակցել նաև Աշխարհի գավաթի երկրորդ փուլին, որը անցկացվել էր Բաքվում։
2026 թվականին հայ մարմնամարզիկները մասնակցել են միայն Աշխարհի գավաթի առաջին փուլին՝ Գերմանիայի Կոտբուս քաղաքում։ Այնտեղ թիմը ցուցադրել է լավ արդյունքներ․ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել օղակների վարժությունում, Մամիկոն Խաչատրյանը դարձել է արծաթե մեդալակիր ձիու վարժությունում։ Բացի այդ, Համլետ Մանուկյանը և Արթուր Դավթյանը համապատասխանաբար զբաղեցրել են 7-րդ և 5-րդ տեղերը։
Այս արդյունքները հնարավորություն էին տալիս հավակնել բարձր դիրքերի Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում նույնիսկ Բաքվի փուլը բաց թողնելու պայմաններում։ Սակայն արդեն երկու փուլ բաց թողնելուց հետո վերջնական դիրքերի համար պայքարը զգալիորեն կբարդանա։
Նշենք, որ սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլը կանցկացվի Կահիրեում ապրիլի 3-ից 6-ը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0