«Սարդարապատը» տեղափոխվում է պրոֆեսիոնալ մակարդակ և մեկնարկում է Առաջին լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է պրոֆեսիոնալ թիմի կազմավորման մասին, որը 2025/26 մրցաշրջանից կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը։ Սա կլինի կարևոր փուլ Արմավիրի ակումբի պատմության մեջ, որը հիմնադրվել է 2021 թվականին՝ ֆրանսահայ սպորտային իրավաբան Սևան Քարյանի նախաձեռնությամբ։
Պրոֆեսիոնալ կազմի ձևավորումը վաղուց ծրագրված քայլ էր ակումբի զարգացման ռազմավարության շրջանակում։ «Մեր նպատակը սկզբից եղել է պրոֆեսիոնալ թիմի ստեղծումը, — նշում է Քարյանը։ — Բայց մենք միտումնավոր մոտեցանք հարցին աստիճանաբար՝ նախ՝ ակադեմիայի ձևավորում, մեթոդաբանության ներդրում, աշխատանք տեղի երեխաների և պատանիների հետ։ Այսօր մենք պատրաստ ենք հաջորդ քայլին»։
Ակումբի փիլիսոփայության հիմքում ընկած է Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Լանս» ակումբի մեթոդաբանությունը։ Անցած չորս տարիների ընթացքում տասնյակ երիտասարդներ Արմավիրից հնարավորություն են ստացել ուսանելու այս համակարգով, իսկ լավագույն սաները՝ վերապատրաստվել Ֆրանսիայում։ Նրանցից շատերը կկազմեն նոր պրոֆեսիոնալ թիմի միջուկը։
Ակումբի ղեկավարությունը հատկապես կարևորում է իր սոցիալական առաքելությունը։ Քարյանի խոսքերով՝ «Սարդարապատն» արդեն դարձել է տեղի համայնքի կարևոր մաս՝ հասանելի դարձնելով ֆուտբոլային կրթությունը Արմավիրի երիտասարդության համար։ Առաջին թիմի ստեղծումը նոր ուղի է բացում այդ տղաների համար՝ դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ, ինչպես նաև ամրապնդում է ակումբի դիրքերը հայկական ֆուտբոլում։
«Սարդարապատն» իր տնային խաղերը կանցկացնի Արմավիրի քաղաքային մարզադաշտում։ Ակումբը հույս ունի երկրպագուների աջակցության վրա և հայտարարում է բարձր հավակնություններ՝ ամրապնդվել Առաջին լիգայում և ժամանակի ընթացքում հասնել ավելի լուրջ հաջողությունների։
Սպասվում է, որ մոտ օրերս ակումբը կհայտարարի մարզչական շտաբի կազմի և առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների անունները։
ՖԿ «Սարդարապատ» մամուլի ծառայություն
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0