Սանդրո Պերկովիչ․ «Սա ծանր գիշեր է, բայց մենք այս մրցաշրջանից առավելագույնը քաղեցինք»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոա» ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է թիմի ելույթը Կոնֆերենցիաների լիգայում՝ շնորհակալություն հայտնելով ֆուտբոլիստներին և երկրպագուներին աջակցության ու նվիրվածության համար։
Մասնագետի խոսքով՝ պարտությունը ցավոտ էր, սակայն այն չի չեղարկում կատարված աշխատանքը։
Սանդրո Պերկովիչի խոսքերը հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք այսօր մեծ թվով ներկա էին մարզադաշտում և հսկայական աջակցություն ցուցաբերեցին մեզ։ Սա ծանր օր էր, և թե՛ ինձ, թե՛ իմ խաղացողների համար ծանր գիշեր է լինելու։ Սակայն պարտավոր եմ շնորհակալություն հայտնել նրանց այն ամենի համար, ինչ արեցին մեզ համար եվրագավաթային այս մրցաշրջանում։ Մեզ համար ամեն ինչ սկսվեց հուլիսի 8-ին և շարունակվում է մինչ այսօր։ Հավանաբար այսօր չենք կարողանա քնել, բայց վաղը կվերլուծենք իրավիճակը», — նշել է Պերկովիչը։
Մարզիչը ընդգծել է թիմի՝ եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու պատմական նշանակությունը։
«Առաջին անգամ հայկական ֆուտբոլում մենք խաղացինք փլեյ-օֆֆ փուլում և հաղթեցինք առաջին հանդիպումը։ Այսօր մենք չկորցրինք մարտական ոգին, բայց նման թիմի դեմ խաղալը հեշտ չէ», — հայտարարել է նա։
Մարզիչը նաև անդրադարձել է հանդիպման առանցքային պահերին, որոնք ազդել են խաղի ընթացքի վրա։
«Արագ խփած գոլը մրցակցին մեծ էներգիա տվեց, հետո բաց թողեցինք ստանդարտ դրությունից, և շատ դժվար դարձավ վերադառնալ խաղին։ Այնուամենայնիվ, մեծ շնորհակալություն իմ խաղացողներին։ Կարծում եմ՝ մենք առավելագույնը քաղեցինք», — ասել է Պերկովիչը։
Վերջում նա ընդգծել է հավաքած միավորների կարևորությունը ազգային վարկանիշի համար։
«Առաջին խաղում մենք վաստակեցինք երեք միավոր և Հայաստանը բարձրացրինք ՈՒԵՖԱ-ի աղյուսակի 33-րդ հորիզոնական, ինչը շատ կարևոր է հայկական ֆուտբոլի համար», — եզրափակել է «Նոա»-ի գլխավոր մարզիչը։
Երևանում հաղթանակից հետո Կոնֆերենցիաների լիգայի ՈՒԵՖԱ-ի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Նոա»-ն հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտվեց նիդերլանդական «ԱԶ Ալկմար»-ին։
Հայաստանը երաշխավորեց 33-րդ տեղը ՈՒԵՖԱ-ի աղյուսակում և կստանա Եվրոպա լիգայի ուղեգիր։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0