Ռոման Ավակյանը հրավիրվել է Մեքսիկայի Մ16 հավաքական և կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի պատանեկան հավաքականի և գերմանական «Մայնցի» ֆուտբոլիստ Ռոման Ավակյանը հրավիրվել է Մեքսիկայի մինչև 16 տարեկանների հավաքական։ Ֆուտբոլիստը կմասնակցի միջազգային ընկերական մրցաշարին, որը կանցկացվի Ֆրանսիայում՝ մարտի 31-ից ապրիլի 4-ը։ Մրցաշարի շրջանակում մեքսիկական թիմը կհանդիպի Պորտուգալիայի, Ճապոնիայի և Պերուի հասակակիցներին։
Ավակյանը նախկինում արդեն հանդես է եկել Հայաստանի պատանեկան հավաքականներում։ 2024 թվականին նա խաղացել է Մ14 հավաքականի կազմում ՈՒԵՖԱ-ի Զարգացման գավաթում, իսկ 2025-ին մասնակցել է Երևանում կայացած Մ15 մրցաշարին։ Այդ մրցաշարում կիսապաշտպանը գոլ է խփել Ուզբեկստանի դեմ խաղում, ինչպես նաև իրացրել է 11 մետրանոցը Վրաստանի դեմ հետխաղային սերիայում։
Ավակյանը կարող է հանդես գալ միանգամից մի քանի ազգային հավաքականների կազմում։ Իր ծագմամբ նա կարող է ներկայացնել Հայաստանը, Մեքսիկան և ԱՄՆ-ը․ նրա հայրը հայ է, իսկ մայրը՝ մեքսիկացի։ Չնայած ներկայումս Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում ելույթներին, մեծահասակների մակարդակում վերջնական ընտրությունը դեռ բաց է։ Ֆուտբոլիստի զարգացմանը ուշադիր հետևում են ինչպես Մեքսիկայում, այնպես էլ ԱՄՆ-ում։
Պետք է նշել, որ Մեքսիկայի պատանեկան հավաքական հրավերը չի նշանակում վերջնական ընտրություն այդ թիմի օգտին։ Երիտասարդական մակարդակում կանոնները թույլ են տալիս ֆուտբոլիստներին մի քանի անգամ փոխել մարզական քաղաքացիությունը մինչև մեծահասակների մակարդակում վերջնական որոշում կայացնելը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0