«Փյունիկը» կերիտասարդացնի և կուժեղացնի թիմը Կոնֆերենցիայի լիգայից առաջ. ակումբի սեփականատեր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Փյունիկի» սեփականատեր Անտոն Ֆարբերը «Будильник Тикнизяна» տելեգրամյան ալիքի հետ զրույցում ամփոփել է ավարտված մրցաշրջանի արդյունքները և պատմել Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբի առաջիկա ծրագրերի մասին։ Հիշեցնենք, որ երևանցիները մնացին առանց գավաթների և մեդալների՝ եզրափակելով մրցաշրջանը միայն չորրորդ հորիզոնականում, սակայն կարողացան ապահովել մասնակցություն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։
Ֆարբերի խոսքով՝ չնայած ձմռանը կատարված խոշոր համալրմանը, որն ընդգրկում էր ութ նոր ֆուտբոլիստների, թիմը չկարողացավ արդարացնել սպասելիքները՝ ո՛չ խաղի որակի, ո՛չ արդյունքների առումով։
«Սեզոնը հեշտ չէր, բայց, անկասկած, կային նաև դրական պահեր՝ նախ եվրագավաթների դուրս գալը։ Ձմռանը մենք անցկացրինք հավանաբար ամենախոշոր համալրումը լիգայում՝ ութ նոր խաղացող, ինչը մեծ ներդրում էր թե՛ քանակով, թե՛ բյուջեով։ Սակայն այդ ամենից անկախ՝ ո՛չ խաղը, ո՛չ արդյունքները չէին համապատասխանում ակումբի սպասելիքներին ու այն պահանջներին, որոնք ավանդաբար ներկայացվում են «Փյունիկին»։» — ասել է Ֆարբերը «Будильник Тикнизяна» հետ զրույցում։
Նա նշել է, որ ամառային դադարն օգտագործելու են հստակ ճանապարհային քարտեզի մշակման համար, որի հիմնական նպատակները կմնան եվրագավաթների խմբային փուլ դուրս գալը և տիտղոսների համար պայքարը։ Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է «ճշգրիտ համալրում, կազմի երիտասարդացում և թիմային մրցունակության բարձրացում»։
«Փյունիկի» սեփականատերն անդրադարձել է նաև գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վերջինս ավելի վաղ նշել էր, որ նախատեսվում է հանդիպում ակումբի ղեկավարության հետ՝ ապագան քննարկելու նպատակով։
«Ինչ վերաբերում է մարզչական շտաբին՝ մենք մշտապես կապի մեջ ենք, քննարկում ենք թիմի ներկա վիճակը և առաջիկա ծրագրերը։ Չգիտեմ՝ որ կոնկրետ հանդիպման մասին էր խոսքը հարցազրույցում, բայց կարող եմ հաստատել, որ մենք պարբերաբար ունենում ենք աշխատանքային քննարկումներ, և բոլոր որոշումները կընդունվեն ակումբի շահերից ելնելով»։
Առաջին կադրային փոփոխությունը դարձավ 31-ամյա կիսապաշտպան Արթուր Գրիգորյանի հեռանալը ակումբից։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0