Պերկովիչ․ «Մենք արեցինք միայն կես գործը, առջևում է պատասխան խաղը»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ամփոփեց իր թիմի արտագնա հաղթանակը սլովենական «Օլիմպիայի» (4:1) նկատմամբ՝ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպման շրջանակում։ Խաղը կայացավ օգոստոսի 21-ին, Լյուբլյանայում։
Խաղից հետո Սանդրո Պերկովիչի ասուլիսը
«Շատ կարևոր հաղթանակ»
«Շնորհավորում եմ իմ թիմին այս խաղի և այս հաղթանակի համար։ Ինչպես նաև ցանկանում եմ շնորհավորել մրցակցին ազնիվ խաղի համար, — նշեց Պերկովիչը։ — Այս հաղթանակը մեզ համար շատ կարևոր էր, հատկապես «Լինքոլնի» հետ անհաջողությունից հետո։ Բայց ինչպես ասել էի երեկ, դիմակայության ելքը կորոշվի Աբովյանում կայանալիք պատասխան խաղում։ Մեր խնդիրը այնտեղ էլ կլինի հաղթանակը»։
Առաջընթաց խաղում և հավատ թիմի նկատմամբ
Մարզիչի խոսքով՝ արդյունքը հաճելի էր, բայց ավելի կարևոր էր խաղի որակը․
«Նախորդ երեք արտագնա խաղերում մենք մոտ էինք հաղթանակին, բայց չկարողացանք հաղթել։ Այսօր բախտը մեր կողմն էր։ Ինձ համար գլխավորն այն է, թե ինչպես ենք խաղում, ինչպես ենք նայվում խաղադաշտում, ինչպես ենք ցույց տալիս մեր բնավորությունը։ Ես տեսնում եմ առաջընթաց խաղից խաղ»։
Ապասելիքներին անդրադառնալով՝ մարզիչն ընդգծեց․
«Ֆուտբոլում ամեն ինչ պարզ է․ երբ հաղթում ես՝ քեզ հավատում են, երբ պարտվում ես՝ արդեն վատն ես։ Բայց մենք արեցինք միայն գործի կեսը։ Առջևում ևս մեկ հանդիպում է, և ունենք մեկ շաբաթ պատրաստվելու համար»։
Յակոլիշի, Ուլադի և Պենսոնի մասին
Լրագրողները հատուկ ուշադրություն դարձրեցին «Նոա»-ի խաղացողներին։
Մարին Յակոլիշի մասին․
«Չեմ կարծում, որ նա նախկինում վատ էր խաղում։ Նա մեզ միացավ նախապատրաստական փուլում, չխաղաց ընկերականներում, դրա համար ավելի դժվար էր ռիթմի մեջ մտնել։ Այսօր գոլ խփեց, լավ խաղաց, բայց ես նրանից սպասում եմ ավելի շատ, քանի որ գիտեմ՝ ինչի է ունակ», — ասաց Պերկովիչը։
Իմրան Ուլադ Օմարի մասին, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ․
«Ամբողջ թիմը հրաշալի խաղ անցկացրեց։ Այո, Ուլադը այսօր մեր հերոսն է, բայց առանց թիմային խաղի աստղերը չեն փայլում»։
Վիրջիլ Պենսոնի մասին․
«Պենսոնը մեր թիմի կարևորագույն խաղացողներից է։ Այսօր նա հիանալի մտավ խաղի մեջ, ցույց տվեց իր տեխնիկան։ Նրան կանգնեցնելը բարդ է, և ես գոհ եմ նրա խաղից այնպես, ինչպես ամբողջ թիմից»։
Պատասխան խաղը՝ մեկ շաբաթից
Վերադառնալով գլխավոր մտքին՝ Պերկովիչը հիշեցրեց․
«Մենք արեցինք միայն կես գործը։ Առջևում մեկ շաբաթ է՝ պատրաստվելու համար, և պետք է լավ մարզավիճակում մոտենանք խաղին։ Կոչ եմ անում որքան հնարավոր է շատ երկրպագուների գալ խաղին և աջակցել մեզ՝ դառնալով 12-րդ խաղացողը», — ասաց Սանդրո Պերկովիչը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0