Պավել Գորելով. «Ես մեծ ցանկություն ունեմ հայտնվելու Հայաստանի հավաքականում».
22-ամյա կիսապաշտպան Պավել Գորելովը, Նоворոսիյսկի «Չեռնոմորեց» տեղափոխվելուց հետո, հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին։ Նա պատմել է իր հայկական արմատների, Հայաստանի առաջնությունում խաղալու փորձի, ինչպես նաև Հայաստանի հավաքական հրավիրվելու հնարավորության մասին։
Պավելը «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նորայր Մեսրոպյանի թոռն է։ Նրա հորը Վարդան Մեսրոպյան են կոչում, ինքը հաճախ ներկայանում է որպես Մեսրոպյան, սակայն նրա անձնագրում նշված ազգանունը Գորելով է։ Կիսապաշտպանը հրավիրվել է Հայաստանի Մ-21 հավաքական։
Հարցազրույց fc-cn.ru կայքից
— Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի հավաքականից քեզ կապվեցին։
— Հավանաբար, իմացել էին պապիկիս մասին, որ հայկական արմատներ ունեմ։ Սկզբում խաղացել եմ Հայաստանի պատանեկան հավաքականում, բայց միայն ընկերական հանդիպումներում։ Նույնիսկ Կատարին գոլ խփեցի։ Հետո մեկ խաղ անցկացրեցի Մ-21 հավաքականում, բայց այդ պահին արդեն «ԿԱՄԱԶ»-ում էի։ Հավաքականում խաղալու համար հայկական անձնագիր էր պետք, իսկ եթե այն վերցնեի, կկորցնեի լիմիտային կարգավիճակս։ Չելնիներում խնդրեցին դադար վերցնել։
— Հիմնական հավաքականից հրավեր եղե՞լ է։
— Ցավոք, ոչ։ Բոլոր խաղերը նայում եմ ու հսկայական ցանկություն ունեմ այնտեղ խաղալ։
— Ինչպիսի՞ հուշեր ունես Հայաստանի առաջնությունից։
— Այնպիսի առաջնություն է, որտեղ չորս թիմ պայքարում է չեմպիոնության համար, իսկ մյուսները հետ են մնում։ Մեծ տարբերություն կա նրանց միջև։ Մենք այդ մրցաշրջանում հինգերորդ տեղը զբաղեցրինք, այսինքն՝ լավագույնն էինք վատագույնների շարքում։
— Չարենցավանում բազայում էիր ապրու՞մ։
— Այնտեղ բազա չկար։ Սկզբում Երևանում էի ապրում՝ հորեղբորս տանը։ Ամեն օր ավտոբուսով գնում էի մարզադաշտ։ Քառասուն րոպե այնտեղ, քառասուն րոպե հետ։ Հետո որոշեցի բնակարան վարձել Չարենցավանում։
— «Վան»-ի կազմում շատ խաղացե՞լ ես։
— Առաջին խաղում չխաղացի, հետո 5-10 րոպե մտնում էի դաշտ, բայց աստիճանաբար տեղ հաստատեցի հիմնական կազմում։ Տոկոսային հարաբերակցությամբ մոտ 70% խաղերի եմ մասնակցել։
(Պավել Գորելովը «Վան»-ի կազմում անցկացրել է 36 խաղ և խփել 3 գոլ։)
— Թիմում ինչ լեզվով էիք շփվում։
— Առաջին կեսում թիմի մեծ մասը ռուսախոս էր։ Մարզիչը Ուկրաինայից էր, ուստի բոլոր քննարկումները ռուսերեն էին։ Բայց երկրորդ կեսում եկավ մարզիչ Վենեսուելայից, և թիմի հիմնական լեզուն իսպաներեն դարձավ։ Բավականին դժվար էր։
— Իսպաներեն սովորեցի՞ր։
— Ոչ, միայն մի քանի բառ հասկանում էի։ Բարեբախտաբար, թիմում կար մի տղա՝ Դանիլ Անկուդինովը, ով լեզուն գիտեր։ Նա ռուս է, ունի Ղազախստանի անձնագիր, բայց ապրել է Իսպանիայում։ Նա ինձ օգնում էր, թարգմանում էր, լավ ընկերներ դարձանք։
— Հայաստանի առաջնության թիմերի մակարդակը բարձր է՞, քան Ռուսաստանի Առաջին լիգայում։
— Կարծում եմ՝ ֆինանսապես կայուն առաջին չորս թիմերը, որոնք եվրագավաթներում են խաղում, մոտավորապես համապատասխանում են ՌՊԼ-ի երկրորդ ութնյակին կամ Առաջին լիգայի բարձր դիրքերին։ «Նոա»-ն, հնարավոր է, արդեն կայուն միջին մակարդակի թիմ լինի ՌՊԼ-ում։ Հայաստանում լեգեոնականների որակը բարձր է. նույնիսկ թույլ թիմերում կային աֆրիկացի ֆուտբոլիստներ, ովքեր շատ վտանգավոր էին։
— Հասցրիր Հայաստանի տեսարժան վայրերը տեսնել այդ մեկ տարում։
— Այո։ Հրաշալի երկիր է։ Ընկերուհիս այցելեց ինձ, շատ տպավորված էր։ Հիմա հաճախ է ասում, որ ուզում է կրկին գնալ Հայաստան։
— Ընկերուհիդ ռոստովացի՞ է։ Ինչքա՞ն ժամանակ է, ինչ ծանոթ եք։
— Այո։ Ապրիլին արդեն երեք տարի կլինի, որ ծանոթ ենք Կսենիայի հետ։
— Ինչու՞ չմնացիր Հայաստանում։
— Վարձակալության ժամկետս ավարտվեց, գործակալս առաջարկեց «ԿԱՄԱԶ» տեղափոխվել։ Հայաստանի առաջնությունն ավարտելուց հետո գնացի Մ-21 հավաքական, հետո մեկ օրով Ռոստով վերադարձա ու անմիջապես մեկնեցի «ԿԱՄԱԶ»։
Գորելովը արդեն 4 խաղ է անցկացրել «Չեռնոմորեց»-ի կազմում, իսկ թիմը պայքարում է ՌՊԼ բարձրանալու համար՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0