Պաշտոնապես. Ռուի Մոտան գլխավորեց «Լուդոգորեցը»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան պաշտոնապես նշանակվել է բուլղարական հզոր «Լուդոգորեց» ակումբի գլխավոր մարզիչ: Այդ մասին հայտնում է Ռազգրադի ակումբի մամուլի ծառայությունը։
Բուլղարական կողմի տեղեկություններով՝ «Նոան» ստացել է փոխհատուցում պորտուգալացի մասնագետի հետ պայմանագրի վաղաժամ խզման դիմաց, սակայն գործարքի գումարը չի հրապարակվում։
Ռուի Մոտայի հետ Բուլղարիա են մեկնել նաև նրա ամբողջ մարզչական շտաբը․ Անդրե Սանտոսն ու Լուիշ Ֆելիպե Բարբոզան նշանակվել են մարզչի օգնականներ, Բրունու Ֆրեյտասը՝ դարպասապահների մարզիչ, իսկ Պեդրու Էլիասն ու Ժուաու Ֆրազաուն միացել են վերլուծական բաժնին։
«Լուդոգորեցում» Մոտան փոխարինել է սերբ մասնագետ Իգոր Յովանովիչին։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել “Լուդոգորեց” ակումբի մի մասը՝ անվանումով ու պատմությամբ ակումբ։ Ես երջանիկ եմ միանալ այս ֆուտբոլային ընտանիքին։ Իմ թիմը և ես կաշխատենք ամբողջ նվիրումով՝ մեր բարձր նպատակներին հասնելու համար», – հայտարարել է Մոտան։
46-ամյա պորտուգալացին «Նոային» գլխավորել է մեկ տարի։ Նրա գլխավորությամբ թիմը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի առաջնության ոսկե մեդալները և դարձավ գավաթակիր։ Մինչ այդ Մոտան աշխատել է Վրաստանում՝ ղեկավարելով Գորիի «Դիլան»։
Sportaran-ի տվյալներով՝ «Նոայի» նոր գլխավոր մարզիչը կլինի խորվաթ Սանդրո Պերկովիչը, ով նախկինում աշխատել է Զագրեբի «Դինամոյի» համակարգում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0