«Նոան» ավարտեց պատմական եվրագավաթային մրցաշրջանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ՖԱ «Նոան» վառ ավարտ դրեց իր եվրագավաթային ճանապարհին՝ մի մրցաշրջան, որն արդեն մտել է հայկական ֆուտբոլի պատմության մեջ։
Թիմը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլ և այս փուլում տարավ իր առաջին հաղթանակը։ «Նոայի» առաջին գոլի հեղինակը փլեյ-օֆֆում դարձավ հայ ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը՝ ևս մեկ կարևոր հանգրվան ակումբի և ամբողջ հայկական ֆուտբոլի համար։ Հայկական ակումբների հաջող ելույթների շնորհիվ Հայաստանը բարձրացավ ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակի 33-րդ հորիզոնական, ինչը նոր հնարավորություններ է բացում միջազգային ասպարեզում։
Եվ ամենակարևորը՝ դա իսկապես ՀՐԱՇԱԼԻ էր։
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 0:4 հաշվով զիջեց նիդերլանդական «ԱԶ Ալկմարին»։ Տանտերերից աչքի ընկան Սվեն Մեյնանսը՝ դուբլի հեղինակ, Ռո-Զանջելո Դաալը և Տրոյ Փերրոտը։ Երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով (4:1) 1/8 եզրափակիչ անցավ «ԱԶ»-ը։
Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանում «Նոան» պատմական հաղթանակ տարավ 1:0 հաշվով՝ պարգևելով երկրպագուներին անմոռանալի երեկո։ Սակայն Նիդերլանդների ուժեղագույն ակումբներից մեկի դեմ արտագնա խաղում հայկական թիմի համար չափազանց բարդ էր պահպանել առավելությունը։
Առանձնահատուկ խոսքերի արժանի են «Նոայի» երկրպագուները։ Ալկմար էին ժամանել ավելի քան 800 հայ երկրպագուներ Եվրոպայի տարբեր երկրներից։ Նրանք ամբողջ հանդիպման ընթացքում աջակցում էին թիմին ոչ պակաս, քան տանտերերը, իսկ երբեմն նույնիսկ գերազանցում էին նրանց ձայնային աջակցությամբ։ Նրանց էներգիան և նվիրվածությունը դարձան եվրագավաթային երեկոյի իրական զարդը և ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայկական ֆուտբոլն ունի մեծ ու միավորված սիրտ։

Չնայած դուրս մնալուն՝ այս եվրագավաթային մրցաշրջանը դարձավ իրական բեկում «Նոայի» համար և կարևոր քայլ առաջ ամբողջ հայկական ֆուտբոլի համար։
Այժմ թիմը կենտրոնանալու է ներքին առաջնության վրա։ Արդեն մարտի 2-ին «Նոան» կհանդիպի «Գանձասարին»՝ ձմեռային դադարից հետո վերսկսված Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում։ Այս պահին ակումբը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ առաջատար «Արարատ-Արմենիայից» հետ մնալով 11 միավորով։ Առջևում լարված պայքար է հաջորդ մրցաշրջանի եվրագավաթային ուղեգրի համար։
Պատմությունը շարունակվում է։
«Նոայի» արդյունքները Կոնֆերենցիաների լիգայում․
«Նոա» - «Ռիեկա» 1:0
«Ունիվերսիտատյա Կրայովա» - «Նոա» 1:1
«Նոա» - «Սիգմա» 1:2
«Աբերդին» - «Նոա» 1:1
«Նոա» - «Լեգիա» 2:1
«Դինամո Կիև» - «Նոա» 2:0
«Նոա» - «ԱԶ» 1:0
«ԱԶ» - «Նոա» 4:0
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0