Մխիթարյանը հիշեցրեց Դորտմունդին, թե ում են կորցրել․ թոփ խաղ և իտալական ԶԼՄ-ների գնահատականները
Photo by Rene Nijhuis/MB Media/Getty Images
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Չեմպիոնների լիգայի 8-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։ Գոլերի հեղինակներ դարձան Ֆեդերիկո Դիմարկոն և Դիուֆը։
Խաղի առաջին րոպեներից խաղադաշտ դուրս եկավ 37-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 88 րոպե անցկացրեց իր նախկին թիմի դեմ, որտեղ ժամանակին իսկական աստղ էր դարձել։ Փորձառու ֆուտբոլիստը կենտրոնական գծում առանցքային դեմքերից էր, իսկ նրա անհատական անցումը 80-րդ րոպեին հանգեցրեց տուգանային հարվածի, որից հետո Դիմարկոն բացեց հաշիվը։
Մխիթարյանի վիճակագրությունը խաղում՝
Խաղաժամանակ՝ 88 րոպե
Ճշգրիտ փոխանցումներ՝ 52 (90%)
Հաջող դրիբլինգ՝ 3/3
Վաստակած խախտումներ՝ 2
Գնդակի կորուստներ՝ 10
Խլումներ՝ 1
Մաքրումներ՝ 3
Գնդակի վերականգնումներ՝ 7
Հաղթած մենամարտեր՝ 7/9
Օդային մենամարտեր՝ 1/2
SofaScore գնահատական՝ 7,4
Ինչ գրեցին իտալական ԶԼՄ-ները Մխիթարյանի մասին
Sport Virgilio — 7
Հաստատեց իր մեծ փորձը։ Փորձում էր փոխանցումներով սնուցել հարձակվողներին՝ փոփոխական հաջողությամբ։ Հենց նա վաստակեց այն տուգանայինը, որը Դիմարկոն վերածեց ոսկու։
Eurosport — 6,5
Փորձում էր արագացնել «Ինտերի» խաղը, սակայն առանց մեծ արդյունավետության։ Այնուամենայնիվ անցկացրեց կարևոր հանդիպում՝ մրցակցին զսպելու առումով՝ զոհաբերելով դիտարժանությունը թիմի օգտի համար։ Նրա վաստակած խախտումից հետո Դիմարկոն իրացրեց տուգանայինը։
FCInter1908 — 7
Մարզադաշտում, որտեղ ժամանակին մեծ աստղ էր, լավագույնն էր կենտրոնում։ Հենց նա վաստակեց գոլային տուգանայինը։ Թիմի բոլոր հակագրոհները սկսվում էին նրանից։
Tuttomercatoweb — 6,5
Որակի երաշխիք․ յուրաքանչյուր գործողության մեջ զգացվում էր նուրբ միտք։ Զելինսկու հետ կիսում էր պլեյմեյքերի պարտականությունները, թեև հարձակմանը մեծ աջակցություն տալ չկարողացավ։
Calciomercato — 6,5
Լավ խաղ անցկացրեց։ Կիսապաշտպանների մեջ ամենից հաճախ էր գտնում ազատ գոտիներ գծերի միջև՝ լուրջ խնդիրներ ստեղծելով «Բորուսիայի» համար։
90min — 6,5
Ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է։ Նույնիսկ 80 րոպեից հետո ուժ ուներ անցում կատարելու և վճռորոշ տուգանային վաստակելու համար։
Leggo — 7
Խաղի սկզբում լավ արագացում և մեծ աշխատանք պաշտպանությունում։ Արժեքավոր է իր տակտիկական ինտելեկտով։ Հաղթական տուգանայինը վաստակեց կենտրոնական ներթափանցումով։
L’Interista — 6,5
Մարտավարական առումով խաղի լավագույն ֆուտբոլիստը․ իր ֆուտբոլային մտքով փոխհատուցեց թարմության պակասից առաջացած մի քանի սխալներ։
Այս խաղը Մխիթարյանի համար դարձավ երկրորդ այցը Դորտմունդ «Բորուսիայից» հեռանալուց հետո, սակայն առաջինը՝ պաշտոնական խաղում։ Նախորդ անգամ նա այստեղ խաղացել էր 2024-ին՝ Լուկաշ Պիշչեկի հրաժեշտի խաղում։
Հետաքրքիր է, որ հենց «Բորուսիայի» դեմ Հենրիխը խաղացել է միայն մեկ անգամ՝ 2016-ին, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, Չինաստանում անցկացված ընկերական մրցաշարում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0