Մարիամ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի։ Թիմը գլխավորելու է Մարիամ Ստեփանյանը, որը նախկինում աշխատել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ։
Նոր նշանակումը կարևոր քայլ է Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման համար։ Ստեփանյանն արդեն ունի զգալի փորձ ազգային հավաքականների համակարգում աշխատելու գործում և լավ ճանաչում է երիտասարդ ֆուտբոլիստուհիներին, որոնցից շատերը մոտակա տարիներին կարող են համալրել հիմնական թիմը։
Մեկնաբանելով իր նշանակումը՝ մասնագետը նշել է, որ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ է ընդունում նոր պաշտոնը։
«Ուրախությամբ և մեծ պատասխանատվությամբ եմ ընդունում գլխավոր մարզչի պաշտոնը։ Հպարտ եմ այս թիմի հետ աշխատելու հնարավորության համար։ Հույս ունեմ, որ միասին կաշխատենք ամբողջ նվիրումով և կկարողանանք հասնել դրական արդյունքների։ Բոլորիս հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին», — նշել է Ստեփանյանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը նույնպես շնորհավորել է նոր գլխավոր մարզչին և վստահություն հայտնել, որ նրա փորձը կօգնի թիմին առաջընթաց գրանցել։
Նրա խոսքով՝ Մարիամ Ստեփանյանը երկար տարիներ աշխատում է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների հետ և լավ է ճանաչում երկրում կանանց ֆուտբոլի զարգացման համակարգը։ Հենց նրա ղեկավարությամբ Հայաստանի կանանց մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականները առաջին անգամ հաղթանակներ են տարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում։
Ֆեդերացիայում վստահ են, որ կուտակված փորձը, պրոֆեսիոնալ մոտեցումն ու գործին նվիրվածությունը կօգնեն Ստեփանյանին ազգային թիմը բարձրացնել նոր մակարդակի։
Նոր մարզչի ղեկավարությամբ Հայաստանի կանանց հավաքականը իր առաջին հանդիպումը կանցկացնի ապրիլի 14-ին։ Այդ օրը հայկական թիմը սեփական դաշտում կընդունի Բելառուսի հավաքականին։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ նախորդ գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը լքել է թիմը սեփական ցանկությամբ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0