Մագնուս Կարլսենը՝ արագ շախմատի աշխարհի չեմպիոն Դոհայում. հայ շախմատիստների ելույթների ամփոփում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Դոհայում (Կատար) ավարտվեց ՖԻԴԵ-ի արագ շախմատի աշխարհի առաջնությունը 2025 թվականին, որը համախմբեց մեծաթիվ ուժեղ մասնակիցների և շախմատի սիրահարներին նվիրեց բազմաթիվ տպավորիչ պարտիաներ։
Բաց առաջնությանը մասնակցեցին 247 շախմատիստներ աշխարհի 64 երկրներից, որոնց թվում՝ 126 գրոսմայստեր։ Մրցաշարի հաղթող դարձավ նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը։ Նա հավաքեց 13 հնարավորից 10 միավոր և ևս մեկ անգամ հաստատեց ժամանակակից շախմատի ամենաուժեղ խաղացողներից մեկի իր կարգավիճակը։ Մրցաշարի ընթացքում Կարլսենը հանդիպեց նաև Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանին՝ հաղթելով այդ պարտիայում։
Երկրորդ տեղը զբաղեցրեց ռուս շախմատիստ Վլադիսլավ Արտեմևը՝ 9,5 միավոր արդյունքով։ Նույնքան միավոր հավաքեց նաև հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայսին, որը լրացուցիչ ցուցանիշներով դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր։
Հայաստանը ներկայացնող շախմատիստների շրջանում լավագույն արդյունքները ցույց տվեցին գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը․ երկուսն էլ հավաքեցին 8 միավոր և զբաղեցրին համապատասխանաբար 38-րդ և 51-րդ տեղերը։ Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը հանդես եկավ հատկապես հաջող՝ 9 միավորով կիսելով 6–10-րդ տեղերը և գործակցով զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը։ Լևոն Արոնյանը մրցաշարն ավարտեց 47-րդ տեղում՝ 8 միավորով։ Հայաստանը ներկայացնող, սակայն Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Ռուդիկ Մակարյանը զբաղեցրեց 36-րդ տեղը՝ նույնպես հավաքելով 8 միավոր։
Շանթ Սարգսյանը աշխարհի առաջնությունում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Հունաստանի, Վիետնամի և Ղազախստանի շախմատիստներին։ Նա ևս 5 պարտիա ավարտեց ոչ-ոքի, այդ թվում՝ Ռոբերտ Հովհաննիսյանի դեմ, իսկ պարտվեց միայն Մագնուս Կարլսենին և հնդիկ Լեոն Լյուկային։
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց ռուս շախմատիստներ Արտյոմ Ուսկովին և Արսենի Նեստերովին, ինչպես նաև Մոնղոլիայի և Վրաստանի ներկայացուցիչներին։ Նա պարտվեց միայն հնդիկ Անդհաբան Բասկարանին, իսկ մնացած պարտիաները ավարտեց ոչ-ոքի։
Հայաստանի մյուս ներկայացուցիչները մրցաշարն ավարտեցին 80-րդ հորիզոնականից ցածր։ Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրեց 80-րդ տեղը՝ 7 միավորով, Արամ Հակոբյանը դարձավ 82-րդը՝ նույն արդյունքով, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը հավաքեց 6,5 միավոր և զբաղեցրեց 119-րդ տեղը։
Արագ շախմատի կանանց աշխարհի առաջնությանը մասնակցեցին 141 շախմատիստուհիներ 42 երկրներից, այդ թվում՝ 23 գրոսմայստեր և 32 միջազգային վարպետ։ Հաղթող դարձավ ռուս շախմատիստուհի Ալեքսանդրա Գորյաչկինան՝ հավաքելով 11 հնարավորից 8,5 միավոր և նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը գրանցեց միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը։ 7 միավորով նա կիսեց 15-րդ տեղը և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց վերջնական 29-րդ հորիզոնականը։
Նշենք, որ բլից շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 29-ից 30-ը և կլինի ՖԻԴԵ-ի օրացույցի հաջորդ խոշոր իրադարձությունը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0