Macron-ը ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նոր երրորդ համազգեստը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) իտալական Macron մարզային բրենդի հետ համատեղ պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի նոր երրորդ համազգեստը: Դիզայնը ներշնչված է Հայաստանի գլխավոր բնական խորհրդանիշներից մեկով՝ Սևանա լճով։
Համազգեստը պատրաստված է կապույտի տարբեր երանգներով, որոնք խորհրդանշում են լճի ջրային մակերևույթը։ Դիզայնի հիմնական տարրը հորիզոնական ալիքաձև գծերն են, որոնք ստեղծում են ջրի շարժման էֆեկտ: Այս տեսողական պատկերն ընդգծում է դինամիկան և խորությունը՝ հիշեցնելով Հայաստանի ամենամեծ լճի մաքրությունն ու վեհությունը, որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։
Շապիկի կրծքավանդակին տեղադրված են երկու հիմնական տարրեր․ աջ կողմում սպիտակ գույնով տպագրված է Macron Hero-ի լոգոն, իսկ ձախ կողմում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանը։ Պարանոցի ներսի հատվածը զարդարված է հատուկ պիտակով, որը պարունակում է Հայաստանի ազգային դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, անկյունագծային գծեր։ Բացի այդ, ներսի հատվածում տեղադրված են ՀՖՖ-ի և Macron-ի լոգոները, ինչպես նաև «Designed in Bologna» գրառումը, որը հաստատում է, որ համազգեստը մշակվել է Իտալիայի Վալսամոջիա քաղաքում գտնվող Macron-ի կենտրոնում։ Պարանոցի հետևի մասում պատկերված է Հայաստանի պետական դրոշը։
Համազգեստի ամբողջական հավաքածուն ներառում է նաև կապույտ շորտեր և գուլպաներ, որոնք ներդաշնակ են ընդհանուր գունային կոնցեպտի հետ։ Նոր համազգեստն արդեն հասանելի է վաճառքի համար և կօգտագործվի Հայաստանի հավաքականի պաշտոնական հանդիպումների ընթացքում։
Նոր համազգեստը ներկայացվել է Հայաստանի հավաքականի Վրաստանի դեմ Ազգերի լիգայի առաջիկա խաղերից առաջ, որոնք կկայանան մարտի 20-ին և 23-ին։ Դեռևս հայտնի չէ՝ թիմը կհագնի՞ այս համազգեստը այդ հանդիպումների ընթացքում, սակայն դա հնարավոր տարբերակ է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0