SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Քվասի Սիբո․ Հայաստանի առաջնությունից՝ իսպանական Լա Լիգա


Քվասի Սիբո․ Հայաստանի առաջնությունից՝ իսպանական Լա Լիգա
Ֆուտբոլ 💬 Comment

Երևանի «Բանանցի» (ներկայում՝ «Ուրարտու») նախկին կիսապաշտպան Քվասի Սիբոն հասավ իսպանական ֆուտբոլի էլիտար դիվիզիոն։ Նրա ներկայիս ակումբը՝ «Ռեալ Օվիեդոն», սեզոնի արդյունքներով նվաճեց ուղեգիր դեպի Լա Լիգա։

Ավարտելով առաջնությունը երրորդ հորիզոնականում՝ թիմը փլեյ-օֆֆ փուլում լարված մրցավեճերում 3:2 ընդհանուր հաշվով հաղթեց «Միրանդեսին»։ 27-ամյա գանացին «Օվիեդոյի» առանցքային խաղացողներից էր․ նա մասնակցեց 38 հանդիպման, որոնցում խփեց մեկ գոլ և կատարեց մեկ գոլային փոխանցում։ Սիբոն բոլոր չորս փլեյ-օֆֆ խաղերում հայտնվեց մեկնարկային կազմում և խաղաց ամբողջական 90 րոպե։

Kwasi Sibo

Սիբոյի ֆուտբոլային ուղին սկսվել է Գանայում, որտեղից 18 տարեկանում տեղափոխվել է Հայաստան։ 2017/18 մրցաշրջանը նա անցկացրել է «Բանանցի» կազմում, ինչից հետո գրավել է սկաուտների ուշադրությունը և պայմանագիր ստորագրել անգլիական «Ուոտֆորդի» հետ։ Հետագայում Սիբոն տեղափոխվել է Իսպանիա՝ նախ Սեգունդա Բ, հետո Սեգունդա, իսկ այժմ՝ սպասված քայլը Լա Լիգա։

Քվասի Սիբոյի պայմանագիրն «Օվիեդոյի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թ․ ամառը։

Այսպիսով, Սիբոն դառնում է օտարազգի ամենահաջողակ ֆուտբոլիստներից մեկը, որը կարիերան սկսել է Հայաստանի առաջնությունում։ Թոփ-5 եվրոպական առաջնություններում հայտնված ֆուտբոլիստների թիվը կարելի է մատների վրա հաշվել։

Նրան նախորդել է միայն Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը, որը 2021/22 մրցաշրջանում հանդես է եկել «Կադիսի» կազմում։ Հայաստանը լքելուց հետո հաջող կարիերա են ունեցել նաև՝

• դարպասապահ Ապուլու Էդելը, խաղացել է ՊՍԺ-ում և Հայաստանի հավաքականում,

• Մարկոս Պիզելլին, ով դարձավ ազգային թիմի առանցքային խաղացող,

• Մոհամեդ Կոնատեն, ամրապնդվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում,

• հարձակվող Էբերը, փայլել է Խորվաթիայում և MLS-ում,

• պաշտպան Վիտալի Ստեժկոն, ով այս ամառ միացավ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարին»,

• Հիլարիոն Գուրան, ով 2025-ի հունվարին «Արարատից» տեղափոխվեց բելգիական «Գենտ»,

• Ուիլյամ Պոտկերը, ով «Գանձասարում» անցկացրած մրցաշրջանից հետո երկար տարիներ հաջող խաղացել է Բրազիլիայի Ա Սերիայում։

Այժմ այդ ցուցակում է նաև Քվասի Սիբոն։ Գանացու պատմությունը ևս մեկ վկայություն է այն բանի, որ Հայաստանի առաջնությունը կարող է մեկնարկային հարթակ դառնալ մեծ նվաճումների համար։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։