Մրցակցություն Ռանոսի համար «Կայզերսլաուտերն» ակումբում և խաղային պրակտիկայի հնարավորություններ
Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը վերջերս վարձավճարով տեղափոխվեց Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի «Կայզերսլաուտերն» ակումբ։ Այսօր թիմը հանդիպում կունենա «Գրոյթեր Ֆյուրթի» դեմ։
Հավանաբար, Գրանտ-Լեոն Ռանոսին այսօր դաշտում չենք տեսնի, սակայն հնարավորություն կունենանք գնահատելու նրա հիմնական մրցակիցներին։ Հիշեցնենք, որ պայմանագրում կա կետ, համաձայն որի «Կայզերսլաուտերնը» պարտավորվում է տուգանք վճարել «Բորուսիա Մյոնխենգլադբախին» այն խաղերի համար, որտեղ Ռանոսը չի մասնակցի։ Այսպիսով, հայ հարձակվողի համար խաղային պրակտիկան ապահովված կլինի, սակայն դրա քանակը կախված կլինի հենց իրենից։
«Կայզերսլաուտերն» հաճախ օգտագործում է 3-4-3 կամ 3-4-1-2 մարտավարական սխեմաներ, որոնք հիշեցնում են Պետրակովի կողմից Հայաստանի հավաքականում կիրառված մարտավարությունը։
Ռանոսը դժվար թե դիտարկվի որպես հիմնական կենտրոնական հարձակվող, քանի որ այդ դիրքը զբաղեցնում է թիմի ավագ Դանիել Հանսլիկը։ Բացի այդ, թիմում կա լավագույն ռմբարկու Ռագնար Աչեն, որը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 3 խաղ և խփել 2 գոլ։
Հիմնական պայքարը տեղի կունենա ձախ վինգերի դիրքի համար, որտեղ ներկայումս հանդես է գալիս վարձակալված ճապոնացի Դայսուկե Յոկոտան։ Վերջերս այս դիրքի համար ձեռք է բերվել Ադամյանի նախկին թիմակից Ֆարիդե Ալիդուն, որը չի կարողացել ամրապնդվել «Վերոնայում», մասնակցելով ընդամենը 3 խաղի։ Ընդհանուր առմամբ, թիմում քիչ վինգերներ կան, որոնցից մեկը՝ վնասվածք ունի։
Ռանոսի հիմնական մրցակիցները՝
- Դայսուկե Յոկոտա (2,5 մլն եվրո, 24 տարեկան, վինգեր, վարձակալված «Գենտից») — 13 խաղ, 2 գոլ, 3 գոլային փոխանցում։
- Ֆարիդե Ալիդու (2 մլն եվրո, 23 տարեկան, վինգեր, տեղափոխվել «Վերոնայից») — 3 խաղ Սերիա Ա-ում։
- Աարոն Օպոկու (800 հազար եվրո, 25 տարեկան, վինգեր) — 9 խաղ, 2 գոլ, 3 գոլային փոխանցում։
- Քենի-Պրինց Ռեդոնդո (500 հազար եվրո, 30 տարեկան, վինգեր) — 9 խաղ, 1 գոլ։ Վնասվածք։
- Ռագնար Աչե (5 մլն եվրո, 26 տարեկան, վինգեր/ԿՀ) — 14 խաղ, 9 գոլ, 1 գոլային փոխանցում։
- Դանիել Հանսլիկ (800 հազար եվրո, 28 տարեկան, ԿՀ) — 16 խաղ, 6 գոլ, 6 գոլային փոխանցում։ Թիմի ավագ։
- Ռիչմոնդ Տաչիե (800 հազար եվրո, 25 տարեկան, ԿՀ/վինգեր) — 9 խաղ, 1 գոլ։
- Յաննիք Մաուզե (600 հազար եվրո, 26 տարեկան, ԿՀ) — 12 խաղ, 2 գոլային փոխանցում։
- Դիքսոն Աբիամա (500 հազար եվրո, 26 տարեկան, ԿՀ) — 5 խաղ։
- Գրանտ-Լեոն Ռանոս (800 հազար եվրո, 21 տարեկան, ԿՀ/վինգեր) — 2 խաղ Բունդեսլիգայում, 4 խաղ, 3 գոլ և 2 գոլային փոխանցում Ռեգիոնալլիգայում։
Ռանոսն, ամենայն հավանականությամբ, կստանա փոխարինման դուրս գալու հնարավորություն, բայց հիմնական խաղացող դառնալու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ։
Թիմում երեք հարձակվողական դիրքերի համար կա 10 ֆուտբոլիստ։ Եթե չհաշվենք վնասվածք ունեցող Ռեդոնդոյին և քիչ պահանջարկ ունեցող Աբիամային, կմնան 8 ֆուտբոլիստ 3 դիրքի համար։
Վարձակալությունը «Կայզերսլաուտերն» ակումբում վճռորոշ կլինի Ռանոսի համար։ Նա պետք է ցույց տա իր ամբողջ ներուժը, որպեսզի հետագայում ամրապնդվի «Բորուսիա Մյոնխենգլադբախի» հիմնական կազմում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0