Կանադայի Պրեմիեր լիգան արդեն ապրիլից կփորձարկի հեղափոխական օֆսայդի կանոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոր մրցաշրջանի մեկնարկով՝ ապրիլի 4-ից, Կանադայի Պրեմիեր լիգան կդառնա ժամանակակից ֆուտբոլում ամենաշատ քննարկվող փորձարկումներից մեկի հարթակը։ FIFA-ի աջակցությամբ և IFAB-ի հաստատմամբ՝ պաշտոնական հանդիպումներում կփորձարկվի օֆսայդի նոր մեկնաբանություն, որը հայտնի է որպես «Վենգերի կանոն»։
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել խաղի դիտարժանությունը և ավելացնել հարձակողական գործողությունների քանակը։ Հիմնական գաղափարը կայանում է օֆսայդի սահմանման սկզբունքի փոփոխության մեջ․ այժմ հարձակվողը կճանաչվի օֆսայդում միայն այն դեպքում, եթե նրա մարմինը ամբողջությամբ գտնվում է նախավերջին պաշտպանից առաջ։ Եթե մարմնի թեկուզ մի մասը, որով հնարավոր է գոլ խփել, գտնվում է պաշտպանի հետ նույն գծի վրա, դիրքը կհամարվի օրինական։

Կոնցեպցիայի հեղինակ, «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ և FIFA-ի ֆուտբոլի գլոբալ զարգացման ղեկավար Արսեն Վենգերը նշել է, որ փորձարկումը կօգնի գնահատել նորամուծության ազդեցությունը խաղի դինամիկայի վրա և կպարզեցնի վիճահարույց դրվագների մեկնաբանությունը։
Բացի կանոնների փոփոխությունից, լիգայում կկիրառվի նաև Football Video Support (FVS) համակարգը։ Ի տարբերություն ավանդական VAR-ի՝ այն չի նախատեսում բոլոր դրվագների մշտական տեսադիտարկում։ Փոխարենը մարզիչները կկարողանան սահմանափակ քանակով դիմել վիճահարույց պահերի վերանայման՝ օրինակ՝ 11-մետրանոցների, հեռացումների կամ գոլերի դեպքում։
Սպասվում է, որ օֆսայդի նոր կանոնի և պարզեցված վիդեոաջակցության համադրությունը կարագացնի խաղը, կնվազեցնի դադարները և ֆուտբոլը կդարձնի ավելի հասկանալի երկրպագուների համար։
Եթե փորձարկումը հաջող համարվի, «Վենգերի օֆսայդը» կարող է ներդրվել համաշխարհային մակարդակում՝ դառնալով խաղի կանոնների ամենանշանակալի փոփոխություններից մեկը վերջին տասնամյակներում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0