«Ինտերը» կրկին պարտվեց «Միլանին». Մխիթարյանը խաղաց և կարող էր աչքի ընկնել
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այս մրցաշրջանի երկրորդ միլանյան դերբին կրկին ավարտվեց «Միլանի» հաղթանակով։ Ինչպես առաջին շրջանի խաղում, այնպես էլ այս անգամ Մաքս Ալեգրիի թիմը հաղթեց 1:0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 35-րդ րոպեին խփեց Պերվիս Էստուպինյանը՝ Յուսուֆ Ֆոֆանայի հիանալի փոխանցումից հետո։ Դրանից մեկ րոպե առաջ հրաշալի հնարավորություն բաց թողեց Հենրիխ Մխիթարյանը։ 37-ամյա հայ կիսապաշտպանը կենտրոնով անցավ «Միլանի» պաշտպանությունը, սակայն հարվածեց ուղիղ դարպասի կենտրոնը, և գնդակը հայտնվեց Մայք Մենյանի ձեռքերում։ Շուտով «Միլանը» հակագրոհ կազմակերպեց և օգտագործեց իր հնարավորությունը։
Գոլից հետո «Ինտերը» ևս մեկ վտանգավոր պահ ունեցավ, կրկին Մխիթարյանի մասնակցությամբ։ Հենրիխը փոխանցում կատարեց Ֆեդերիկո Դիմարկոյին, սակայն վերջինս հարվածեց դարպասից վեր՝ շատ լավ դիրքից։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» շարունակում է գլխավորել Սերիա A-ի մրցաշարային աղյուսակը, սակայն «Միլանը» կրճատեց տարբերությունը մինչև յոթ միավոր։ Այսպիսով, սկուդետտոյի համար պայքարը շարունակվում է։ Միևնույն ժամանակ «Ինտերը» կրկին հաստատեց, որ այս մրցաշրջանում խնդիրներ ունի թոփ թիմերի դեմ խաղերում։
Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 59 րոպե, որից հետո նրան փոխարինեց Պետար Սուչիչը։
Մխիթարյանի վիճակագրությունը խաղում
- Հարվածներ՝ 1 (xG — 0.63)
- Կարևոր փոխանցումներ՝ 1
- Ստեղծված գոլային պահեր՝ 1
- Սպասվող ասիստներ (xA)՝ 0.19
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 41 (91%)
- Գնդակի կորուստներ՝ 6
- Դրիբլինգով առաջխաղացում՝ 9
- Խլումներ՝ 1
- Գնդակի վերադարձներ՝ 3
- Մենամարտեր՝ 1/3
- SofaScore գնահատական՝ 6.6
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0