«Ինտերը» չկարողացավ հասնել Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերը» 2025/26 մրցաշրջանի Իտալիայի Սուպերգավաթում իր ելույթը ավարտեց կիսաեզրափակչում։ Սաուդյան Արաբիայում կայացած «Բոլոնիայի» հետ հանդիպումն ավարտվեց «ներաձուրրիի» պարտությամբ՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածների շարքում։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։ «Ինտերը» արագ բացեց հաշիվը․ արդեն 2-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկուս Թյուրամը։ Սակայն «Բոլոնիան» կարողացավ վերականգնել հավասարակշռությունը 35-րդ րոպեին, երբ Ռիկարդո Օրսոլինին իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Լրացուցիչ ժամանակում հաղթող չորոշվեց, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածների շարքում ավելի դիպուկ գտնվեցին «Բոլոնիայի» ֆուտբոլիստները՝ 3:2։
Չնայած դուրս մնալուն՝ «Ինտերը» ցուցադրեց որակյալ խաղ և ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր, հատկապես երկրորդ խաղակեսում, սակայն թիմին խանգարեց իրացման խնդիրը։ Խաղից հետո հանդիպման արդյունքներն ամփոփեց միլանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Մենք պետք է այս խաղը ավելի շուտ փակեինք։ Իսկ երբ գործը հասնում է 11-մետրանոցներին, դա արդեն բոլորովին այլ պատմություն է։ Ամբողջ թիմը լավ խաղաց, բացառությամբ 11-մետրանոցների շարքի։ Երկրորդ խաղակեսում մենք գերակշռում էինք, ստեղծեցինք շատ պահեր, բայց եթե չես խփում՝ ֆուտբոլում դրա համար պատժվում են», — նշեց Մխիթարյանը։
Հայ ֆուտբոլիստը նաև ընդգծեց, որ թիմը պետք է ավելի արագ ապահովի հաղթանակը.
«Այսքան շատ պահեր ստեղծելով՝ մենք պարտավոր ենք ավելի շուտ ապահովել մեր առավելությունը։ Բացի այդ, պետք է հավատանք հաղթանակին նույնիսկ այն պահերին, երբ գոլ ենք բաց թողնում կամ անցնում ենք դժվար հատվածներ»։
Խոսելով մրցակցի մասին՝ Մխիթարյանը նշեց «Բոլոնիայի» արժանիքները.
«Նրանք արժանիորեն են այստեղ՝ Իտալիայի գավաթում հաղթելուց հետո։ Մենք փորձեցինք հաղթել, բայց չստացվեց՝ սա է ֆուտբոլը։ Ոչ մի արդարացում չի կարող լինել, առջևում շատ աշխատանք ունենք»։
«Ինտերի» կիսապաշտպանը նաև խոստովանեց, որ պարտությունը լուրջ հարված էր թիմի համար.
«Մեզ ցավ է պատճառում, սա մեծ հիասթափություն է։ Բայց մենք հասկանում ենք, թե ինչի վրա պետք է աշխատենք, և ավելի մեծ եռանդով կանենք դա՝ մեր նպատակներին հասնելու համար։ Այս խաղը պետք է մոռանալ, որքան էլ դա դժվար լինի, և կենտրոնանալ հաջորդ հանդիպման վրա՝ «Ատալանտայի» դեմ։ Դա արդեն այլ մրցաշար է, և մեզ միավորներ են պետք»։
«Բոլոնիայի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը դաշտում անցկացրեց 71 րոպե և SofaScore վերլուծական պորտալի կողմից ստացավ 6.4 գնահատական։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0