«Աբերդինի» գլխավոր մարզիչը միայն հաղթանակի մասին է մտածում «Նոայի» դեմ հանդիպումից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կոնֆերանսների լիգայի 4-րդ տուրի վճռորոշ խաղին ընդառաջ «Աբերդինի» գլխավոր մարզիչ Ջիմմի Թյոլինը մամուլի ասուլիս տվեց՝ ընդգծելով, որ իր թիմը դուրս է գալիս «Նոայի» դեմ միայն հաղթանակի համար։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 27-ին Շոտլանդիայի «Պիթթոդրի» մարզադաշտում։
«Սա մի հանդիպում է, որը պարտադիր պետք է հաղթենք»
Թյոլինը բաց տեքստով նշեց, որ մրցաշարային իրավիճակը չի թողնում սխալի իրավունք.
«Եթե նայում ենք աղյուսակին, մեզ համար սա պարտադիր հաղթելու հանդիպում է։ Խմբում առաջ շարժվելու հնարավորությունը պահպանելու համար վաղը պետք է երեք միավոր վերցնենք։ „Նոան“ հեշտ մրցակից չէ․ թիմը արդեն ունի չորս միավոր և ցույց է տալիս որակյալ ֆուտբոլ, սակայն մենք հասկանում ենք առաջադրանքը՝ տանը պետք է հաղթենք»։
Հոգեբանական կայունություն և թիմի աճ
Շվեդ մասնագետի խոսքով՝ թիմը մնում է ամուր նույնիսկ բարդ իրավիճակներում.
«Ֆուտբոլիստները աճում են, սովորում։ Մենք չենք խոսում ինչ-որ արտակարգ ինքնավստահության մասին․ պարզապես քայլ առ քայլ շարժվում ենք, աշխատում ու զարգանում։ Վերջին արդյունքները գալիս են աշխատանքից և միասնականությունից»։
«Նոայի» վտանգավոր կողմերը
Գլխավոր մարզիչը առանձնացրեց հայկական ակումբի անհատական հմտությունները.
«„Նոան“ ունի լավ մարզիչ, ուժեղ անհատականություններ, արագ թևեր, լավ 1-հատ-1 կատարողներ։ Նրանք կարողանում են վերահսկել գնդակը և խաղի տեմպը։ Սպասում եմ խիտ ու հետաքրքիր հանդիպում»։
Մրցակցություն թիմի ներսում
Թյոլինը ընդգծեց, որ թիմը շարունակում է վերակառուցվել, իսկ առողջ մրցակցությունը ուժեղանում է.
«Մենք անցել ենք մեծ փոփոխությունների միջով, բայց շարունակում ենք կառուցել մի համակարգ առաջիկա տարիների համար։ Երբ բոլոր խաղացողները առողջ են, մրցակցությունն ուժեղանում է, բոլորը միմյանց են խթանում, և խաղային փոխգործակցությունն էլ ավելի լավ է դառնում»։
Խաղի ընթացքի կառավարումը
Մարզիչը կարևորեց տակտիկական ճկունությունը.
«Մանրուքներն են վճռում ամեն ինչ։ Պետք է հասկանալ՝ երբ պետք է արագացնել տեմպը, իսկ երբ՝ պահել գնդակը։ Ոչ բոլոր խաղերն են ստացվում, և կարևոր է հանդիպման մեջ մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ ինչ-որ բան չի հաջողվում։ Այդ առումով թիմը աճել է»։
Պաշտպանությունն՝ որպես հաջողության հիմք
«Աբերդինը» շարունակում է հստակ աշխատել պաշտպանական մոտեցումների վրա.
«Հուսալի պաշտպանությունն օգնում է մնալ խաղում նույնիսկ վատ օրերին։ Ամեն ինչ փոխկապակցված է․ երբ լավ ես պաշտպանվում, հարձակումը նույնպես զարգանում է։ Գավաթային մրցաշարերում կայունությունն առավել կարևոր է»։
Կադրային վիճակ
«Աբերդինից» բացակայում է միայն Կրիստերս Տոբերսը։ Մնացած բոլորը պատրաստ են խաղին.
«Խաղացողների մարզավիճակը բարելավվում է, իսկ ռոտացիան մեզ կօգնի, քանի որ հագեցած օրացույց է սպասվում»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0