Հենրիխ Մխիթարյանը հրատարակեց իր ինքնակենսագրական գիրքը «ԻՄ ԿՅԱՆՔԸ ՄԻՇՏ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կարևոր իրադարձություն հայկական և համաշխարհային ֆուտբոլի համար․ Հենրիխ Մխիթարյանը ներկայացրեց իր գիրքը՝ «ԻՄ ԿՅԱՆՔԸ ՄԻՇՏ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»։ Գրքի ստեղծման գործում նրան օգնեց հայտնի իտալացի սպորտային լրագրող և գրող Ալեսանդրո Ալչիատոն, ով գրել է բազմաթիվ ֆուտբոլային լեգենդների կենսագրությունները՝ Կառլո Անչելոտի, Անդրեա Պիրլո, Անդրեյ Շևչենկո, Ֆաբիո Կանավարո։ Այժմ այս ցուցակին միացավ նաև հայ կիսապաշտպանը։
Ալեսանդրո Ալչիատոն գրքի մասին․
«Ինձ համար սա ավելին է, քան գիրք։ Օգնել Հենրիխին մեծ պատիվ էր։ Ես ճանաչեցի շատ բարի, հյուրընկալ, գիտակ մարդու, որը միայն լավն է կրում իր մեջ։ Նա բացվեց և պատմեց խորը պատմություն՝ իր պատմությունը։ Այնտեղ ամեն ինչ կա, ոչ միայն ֆուտբոլի մասին։ Կա հայրը, որին նա կորցրել է 7 տարեկանում, Հայաստանը, որտեղ նա մեծացել է առանց ջրի ու լույսի, Արարատը՝ որպես խորհրդանիշ, տատիկի հետ սերտ կապը, հարգանքը նրանց նկատմամբ, ովքեր եղել են իրենից առաջ։ Կան նաև մարզիչներ՝ Արսեն Վենգերից մինչև Ժոզե Մոուրինյո, կան Երևան, Ուկրաինա, Դորտմունդ, Մանչեսթեր, Լոնդոն, Հռոմ, Միլան և նույնիսկ Կլաուդիո Լոտիտո։ Կան զգացմունքներ, սեր, արցունքներ և երջանկություն։ Հենրիխը յուրահատուկ մարդ է, որին ես շատ սիրեցի»։
Հենրիխ Մխիթարյանի գիրքը կթողարկվի հոկտեմբերի 7-ին իտալերեն լեզվով և կունենա հետևյալ վերնագիրը․ «La mia vita sempre al centro. Il viaggio di un ragazzo armeno tra determinazione e sacrificio»
(«Իմ կյանքը միշտ կենտրոնում։ Հայ տղայի ճանապարհը՝ նպատակասլացության և ինքնազոհաբերության միջով»):

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0